Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Սահմանադրությունը փոխելուց առաջ Սարգսյանը պետք է ազնվորեն դիմեր սեփական ժողովրդին


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ հրաժարվում է երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրությունից: Այս մասին Լուկաշենկոն ասաց երեկ իր ամենամյա ուղերձում` դիմելով Բելառուսի խորհրդարանի անդամներին:

«Ես խոստանում եմ, որ երբեք ձեզ, մասնագետներին, դատավորներին չեմ կանգնեցնի մի ընտրության առջև, երբ հարկավոր լինի պետության սահմանադրական հիմքերը փոխել առանձին վերցված մեկ անձի համար: Մենք սրանում համոզվեցինք նաև Հայաստանի օրինակով», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետք է ազնիվ լիներ սեփական ժողովրդի հետ: «Մենք ժամանակին դա արել ենք` վերացնելով առաջադրման սահմանափակումները Բելառուսի բոլոր նախագահների համար: Պետք չէր նախագահական հանրապետությունը վերածել խորհրդարանականի, հետո էլ խորհրդարանականը պարզ չէ թե ինչի», - նշում էր Լուկաշենկոն:

«Ես ներողություն եմ խնդրում, դա, իհարկե, իմ գործը չէ, բայց ես ներգրավված եմ եղել այս խնդրում: Մենք քննարկել ենք այս հարցը Հայաստանի նախկին նախագահի հետ, և ես իմ տեսակետը շատ հստակ բարձրաձայնել եմ` հարկավոր է գնալ և ամեն ինչ ազնվորեն ասել սեփական ժողովրդին: Ի՞նչ կարիք կար փոփոխության ենթարկել պետության հիմքերը, կոտրել երկիրը մեկ անձի համար: Իսկ եթե այդ մա՞րդը կոտրվի․ դա էլ տեղի ունեցավ», - հայտարարում էր Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն երեկ, ի դեպ, խորհրդով դիմեց Հայաստանի քաղաքացիներին` հորդորելով շատ չոգևորվել հեղափոխական գործունեությամբ:

«Ես հայ ժողովրդին միայն մաղթում եմ, որ նրանք շատ չհրապուրվեն ստեղծված իրավիճակով, քանի որ իշխանություն փոխելն իրականում շատ հեշտ է: Բայց հետագայում պետք է արդյունք ապահովել: Աստված տա, որ խելոք և տաղանդավոր հայ ժողովուդրը կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հայաստանը մեր միության անդամ է, այն մեզ համար օտար պետություն չէ: Մեր կառավարության ներկայացուցիչները պետք է զանգահարեն Հայաստան, հետաքրքրվեն` ինչով մենք կարող օգնել նրանց», - երեքշաբթի հնչեցրած ելույթում նշում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG