Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վարչապետի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ:
«Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման և իրադարձությունների խաղաղ ընթացքին: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար: Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին: Կարծում եմ` Հայաստանը, աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում:
Հատուկ ուզում եմ ընդգծել ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին: Ուզում եմ ընդգծել նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը: Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում:
Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, և մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն կերպով շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները և այլ ծրագրերը»,- ըստ կառավարության հաղորդագրության, ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ սպասվող բանակցություններին, վարչապետի պաշտոնակատարը դեսպաններին ասել է․ «Կարծում եմ տեղյակ եք` առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել: Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ»: