Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը չի պատկերացնում իր աշխատանքը Փաշինյանի հետ, Վանաձորի քաղաքապետն ասում է՝ պետք է համակերպվել


Լոռու մարզպետը և Վանաձորի քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Վանաձոր, 24-ը ապրիլի, 2018թ․
Լոռու մարզպետը և Վանաձորի քաղաքապետը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Վանաձոր, 24-ը ապրիլի, 2018թ․

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ազատության» հարցին՝ արդյոք պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հնարավոր վարչապետության դեպքում, պատասխանեց՝ «միանշանակ՝ ոչ»։ Մինչդեռ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով՝ պետք է համակերպվել քաղաքական իրավիճակի հետ։

«Քաղաքացիների կամքի օրինական արտահայտության ձևով ձևավորված ցանկացած իշխանության հետ բոլորը պիտի համակերպվեն ու աշխատեն։ Ի՞նչ ա նշանակում, ո՞ւմ հետ չի կարելի աշխատել, եթե մենք բոլորս հայ ենք», - «Ազատությանն» ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և շարունակեց. - «Պրոցեսներ են քաղաքական, էս պահին կանխատեսումներ չի կարելի անել, մանավանդ որ էմոցիաների բավականին մեծ բորբոքում կա, էյֆորիկ տրամադրություն կա, հիմա սառը դատելու ժամանակ չի»։

Մարզպետ Արթուր Նալբանդյանը, նշելով, որ վաղվա բանակցություններից շատ բան է կախված, ասաց, որ անցած օրերին տեղի ունեցած ակցիաները քաղաքական ուժերի համար դասեր քաղելու հնարավորություն են։

«Նմանատիպ քաղաքական ակցիաները ինձ երբևիցե չեն անհանգստացնում։ Միգուցե մի փոքր մտահոգվում ենք ու հասկանում ենք, որ անելիքները շատ, շատ ավելի են, քան որևէ մեկը պատկերացնում է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Լոռու մարզպետը։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Վաղը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված են Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեն «իշխանության անցնցում փոխանցմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG