Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն իշխանություններին կոչ է անում Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել


Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ ցուցարարներին միանալու մասին հայտարարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները այսօր Ծիծեռնակաբերդում ասում էին, որ իրենք Փաշինյանին և մյուս ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները դատապարտել էին, իսկ խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ իրենք նաև կոչ էին անում իշխանություններին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել։

«Կոչ էինք անում, որ այս իրավիճակը պետք է անարյուն, խաղաղ ճանապարհով լուծում ստանա: Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հստակ հրապարակվել էր օրակարգ: Եվ երբ որ մենք ասում ենք, որ պետք է գնալ բանակցությունների, և այդ օրակարգի շուրջ քննարկում տեղի ունենա, դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է եղել», - ասաց Էնֆիաջյանը:

Նշենք, որ Ծիծեռնակաբերդ այցելած ԲՀԿ-ականների հետ չէր կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք իրենք միացել էին «Մերժիր Սերժին» կոչով բողոքին, Էնֆիաջյանը պատասխանեց, որ ինքը, ինչպես իր շատ գործընկերներ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը ասաց, որ նոր վարչապետի թեկնածության հարց դեռ չեն քննարկել: Ինչ վերաբերում է խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին, Էնֆիաջյանը ասաց, որ դեռ սպասում են վաղը իշխանության և ընդդիմության միջև կայանալիք բանակցություններին, ինչից հետո էլ դիրքորոշում կհայտնեն։

«Ժողովրդի կամքն է առաջնահերթ: Մեր համար սա է ամենակարևորը, մեր պետականության անսասանությունն է կարևոր, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան, ինչի հետ կապված բազմաթիվ անգամներ տարիներ շարունակ մենք ասել ենք», - հավելեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, եթե վերջինիս թեկնածությունն առաջադրվի, արձագանքեց․ - «Վարչապետի փոփոխություն հետ կապված՝ երբ որ մեր թիմը կքննարկի, իր դիրքորոշումը կհայտնի»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ իրենք հետին թվով չեն խոսում, բնականաբար դեմ են եղել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն, այդ պատճառով էլ միացել են շարժմանը։

Պետրոսյանը նաև ասաց, որ մի շարք գործընկերների հետ անգամ հանրահավաքներին են մասնակցել․ - «Խոսել ենք, դեմ ենք խոսել, դեմ ենք արտահայտվել, շատ ելույթներ ենք ունեցել, որ հանրությանը որպես ընդդիմադիր առավելապես հայտնի մարդիկ էդպիսի ելույթներ չեն ունեցել: Եվ մեր քվեարկությունով էլ մենք ապացուցեցինք, որ իսկապես մեր շարքերում կան մարդիկ, որ․․․ մենք դեմ ենք վարչակարգին, հատկապես՝ եթե վարչակարգը իրեն փրկելու համար արդեն անցնում է մեր քաղաքացիների իրավունքների և օրինական ազատությունների սահմանափակմանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ասաց, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստ են և կարծում է, որ ավելի շատ ձայներ կհավաքեն, քան նախկինում։ Պետրոսյանի խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե չլինեն խախտումներ և չօգտագործվի վարչական ռեսուրսը։

2017-ին, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքը ստացել էր քվեների ավելի քան 27 տոկոսը՝ ձևավորելով խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածության հարցին, Պետրոսյանն ասաց, թե երբ պաշտոնապես թեկնածու առաջադրվի՝ իրենք կքննարկեն աջակցության հարցը, դեռ չեն որոշել կառաջադրեն սեփական թեկնածուին, թե ոչ։

Պետրոսյանը նաև պնդեց, որ սա ժողովրդավարության հաղթանակն էր, և ոչ մի կուսակցություն չպետք է սեփականաշնորհի հաղթանակը․ - «Ով էլ որ կգա՝ թող ժողովուրդը բերի իշխանության, որ էդ մարդը՝ իշխանավորը, պետության ղեկավարը, հասկանա, որ ինչպես ժողովուրդը իրան բերեց, նույն հաջողությամբ էդ ժողովուրդը կարող է իրեն հեռացնել իշխանությունից՝ եթե նա չարդարացնի ժողովրդի հույսերը»:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը պնդեց, որ, իր կարծիքով, այսօր երկրի կարևորագույն հարցը նոր վարչապետի ընտրությունը չէ։ «Դուք կարող եք անձ փոխել, բայց երկրի կարգերը չփոխել», - ասաց պատգամավորը․ - «Մենք ուզում ենք, որ գա իշխանության մի մարդը, որը արհամարհանքով չի նայում հասարակության պրոբլեմներին»:

Հիշեցնեմ, խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ Ծառուկյան խմբակցությունը միասնական դիրքորոշում չէր հայտնել՝ հայտարարելով, որ պատգամավորները ազատ են քվեարկելու։ Արդյունքում 31 հոգանոց խմբակցությունից ընդամենը 12 պատգամավորներ էին դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG