Մատչելիության հղումներ

«Կարևորեք ոչ թե ապագա վարչապետի անձը, այլ նրա հետ եկող թիմը». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այսօր երկրի կարևորագույն հարցը նոր վարչապետի ընտրությունը չէ։

«Դուք կարող եք անձ փոխել, բայց երկրի կարգերը չփոխել», - այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետրոսյանը։

«Ամենակարևոր հարցը, որ դուք կարծում եք, որ երկրի վարչապետի ընտրությունն է, դա չէ։ Դուք կարող եք անձ փոխել, բայց երկրի կարգերը չփոխել։ Մենք ուզում ենք, որ իշխանության գա մի մարդ, որն արհամարհանքով չի նայում հասարակության պրոբլեմներին», - ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։

Լրագրողների հարցին, թե իրենց խմբակցությունը վարչապետի թեկնածու ունի՞, Պետրոսյանը պատասխանեց. - «Նման թեկնածու դեռ չկա, ես գուշակություններով չեմ զբաղվում։ Մեր խնդիրն այն է, որ մեր ժողովուրդն էս երկրում ապրի պաշտպանված, ապահովության զգացումով, անձինք ինձ չեն հետաքրքրում: Դրա համար դուք վարչապետի անձի խնդիրը մի կարևորեք, դուք կարևորեք այն թիմը, որը ապագա վարչապետի հետ պետք է գա։ Եթե մենք պետք է նորից ունենանք Ալթունյանների նման առողջապահության նախարարներ, ոչ մի բան էլ չի հաջողվելու անկախ վարչապետից»։

Պետրոսյանը նշեց, որ իրենց խմբակցության քաղաքական թևը դեմ է արտահայտվել և դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին։

Դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ առաջիկայում կտեսնենք Հանրապետական կուսակցության փլուզում, Գևորգյանն այսպես արձագանքեց. - «Ես այլ քաղաքական ուժերի փլուզումներով ո՛չ հիանում եմ, ո՛չ ուրախանում եմ, թող իրենք մտածեն դրա մասին։ Եթե այնտեղ կան մարդիկ, ովքեր էդ թիմին հավատարիմ կմնան, թող մնան»։

Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությանը նման բան չի՞ սպառնում, խմբակցության պատգամավորը պատասխանեց. - «Բացարձակ, մեր խմբակցությունն ավելի է հզորանալու, ժամանակը ցույց կտա»։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Վաղը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված են Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեն «իշխանության անցնցում փոխանցմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG