Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման և բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Վաղը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված են Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեն «իշխանության անցնցում փոխանցմանը»։