Տորոնտոյում Ալեքս Մինասյան անունով 25֊ամյա երիտասարդը ապրիլի 23֊ի երեկոյան միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտներին բանուկ խաչմերուկներից մեկում՝ սպանելով 10 մարդու և վիրավորելով ևս 15֊ին։
Կանադայի ոստիկանությունը հայտարարել է, որ վրաերթը «դիտավորությամբ» է կատարվել, սակայն առայժմ բացառել է ահաբեկչության վարկածը։
Ալեքս Մինասյանը ձերբակալվել է դեպքի վայրում։ Նա Տորոնտոյի բնակիչ է և նախկինում որևէ առիթով ոստիկանության ուշադրության կենտրոնում չի հայտնվել։
Կանադայի հեռարձակման կորպորացիան (CBC) հեռարձակել է դեպքի վայրում ականատեսներից մեկի կատարած տեսանկարահանումը, որում երևում է, թե ինչպես է Մինասյանը, նախքան ձերբակալվելը, ինչ֊որ առարկա պարզելով ոստիկանների ուղղությամբ, գոռում՝ «սպանե՛ք ինձ»։
Միջադեպի պահին Տորոնտոյում ավարտին էր մոտենում Մեծ յոթնյակի (G7)՝ ԱՄՆ֊ի, Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումը, սակայն Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի և G7-ի հանդիպման միջև որևէ առնչություն չկա։