Մատչելիության հղումներ

«Թավշյա ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի մինչև վերջ». Նիկոլ Փաշինյան


Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում, Երևան, 23-ը ապրիլի, 2018թ.
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում, Երևան, 23-ը ապրիլի, 2018թ.

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան հանրահավաքի հարթակից հայտարարեց՝ թավշյա ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ։

Փաշինյանը հույս հայտնեց, որ ժողովուրդը կկանգնի մինչև վերջ հանուն այդ վերջնական հաղթանակի։

«Մեր օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված։ Քայլ առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, սա արդեն տեղի է ունեցել։ Քայլ երկու՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, սա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն։ Պետք է տեղի ունենան հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում շարունակել են բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ։

«Ուրեմն մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման և իշխանության անցնցում փոխանցման պայմանները, և հիմա քանի որ Սերժ Սարգսյանը այլևս հեռացված է, մենք պատրաստվում ենք չորեքշաբթի օրը առավոտյան ժամը 11-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Ես հույս ունեմ, որ Հանրապետական կուսակցության վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա ոչ-բռնի հեղափոխության հաղթանակը», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Եվ այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության համար»։

«Ես ուզում եմ, որ մենք միանշանակ և աներկբա արձանագրենք՝ մեր հռչակած թավշյա ոչ-բռնի ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ, և ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի», - հայտարարեց ընդդիմադիր առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG