«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որևէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետևաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»:
«Ազատության» հարցին՝ դուք ընդունու՞մ եք, որ սխալվեցիք, և իրականում ճիշտ էր հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը, փաստորեն, բերեց հաղթական ավարտի, Մարուքյանը պատասխանեց․ «Բայց դու ի՞նչ գիտեք, մենք ինչ ենք քննարկել և ինչում ենք սխալվել: Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում: Մեթոդաբանության տարբերություն է եղել:
Բնականաբար, ես շնորհավորում եմ բոլորիս՝ այս արդյունքի համար, բայց պետք է նաև նշեմ, որ սա ուղղակի մի անձի հրաժարական է, և մենք դեռևս շատ անելիքներ ունենք՝ համակարգային փոփոխությունների համար: Եթե սա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է ավարտվելու, բնականաբար, դեռ շատ բան կա քննարկելու»:
Հարցին՝ այս պահին արդեն կարո՞ղ եք արձանագրել, որ Փաշինյանի ճանապարհային քարտեզը ճիշտ էր կազմված, Մարուքյանն արձագանքեց․ «Կարող եմ արձանագրել մի բան՝ մենք չէինք սպասում, որ այսքան մեծ ակտիվություն կլինի, այսքան մարդ դուրս կգա փողոց: Դա իրապես անակնկալ էր, որովհետև մենք մեկ տարի առաջ ենք խորհրդարանական ընտրություններ անցել և տեսել ենք, թե ինչ հուսալքություն է եղել, տեսել ենք, թե ինչպես են մարդիկ ընտրակաշառքի հերթեր կանգնել:
Փաստորեն՝ մարդիկ փոշմանել են և իրենց քայլով այդ փոշմանելու գործողությունն արեցին: Շարունակությունը, բնականաբար, ավելի կարևոր է, որովհետև միշտ իմացեք՝ հեղափոխությունը կամ փոփոխությունները սկսվում են հրաժականից կամ կոնկրետ ղեկավարի հեռանալուց հետո: Այսինքն՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:
«Ելք» խմբակցության հետագա ճակատագրին առնչվող հարցին, Մարուքյանը պատասխանեց․ «Մեր խմբակցությունը ինչպես կար, այնպես էլ կա, որևէ բան չի փոխվել, բացի այն, որ մեր ընկերները բանտում էին, հիմա բանտում, չեն: Մնացածը կխոսենք, կտեսնենք»: Հարցին էլ՝ դուք կգա՞ք հրապարակ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Մենք երեկ էլ ենք եղել հրապարակում: Երեկ հրապարակում են եղել Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, բայց, չգիտեմ ինչու, նրանց ելույթ ունենալու հնարավորություն չի տրվել: Ես կգամ՝ կիմանանք ինչ է կատարվել: Ամեն դեպքում՝ մենք միշտ էլ եղել ենք այդ ամենի թիկունքում: Մենք, ըստ էության, պահել ենք թիկունքը: