Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու «Ելքի» մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին 


Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, որ «Ելքի» պատգամավորներ, ավելի վաղ ձերբակալված Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանն ազատ են արձակվում Երևանի Ձերբակալվածների պահման վայրից:

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ձերբակալված խորհրդարանականների հետ գիշերը հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այսօր Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստվում էր հանդիպել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG