Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:
Նախ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մասնավորապես ասելով․ - «Մենք որպես ազգ չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված ընտանիք: Մեր ընտանիքի բոլոր խնդիրները, պրոբլեմները ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, լուծումներ գտնելով, բանակցելով: Սա իմ կոչն է, և որևէ մեկը չպետք է հանկարծ կասկածի, որ մենք՝ որպես հայեր, անկախ նրանից՝ այսօրվա խնդիրներ ինչ-որ մենք ունենք հսկայական, երեկվա պրոբլեմներ, 20 տարի առաջ, 100 տարի առաջ՝ մենք միասնական պետք է լինենք, որովհետև կյանքը շարունակվում է, և էլի 100 տարի մեր ազգային արժանապատվությունը և մեր խնդիրները պետք է պաշտպանենք»:
Ի պատասխան «Ազատության» հարցի նա ընդգծեց, որ շատ մտահոգված է Ազգային ժողովի երեք պատգամավորների ձերբակալության փաստով․ - «Շատ մտահոգված եմ, և եթե Դուք Սահմանադրությունը լավ գիտեք, հանրապետության նախագահի լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի և լուծում ստանա: Եվ ինչպես ասացի, լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է»:
Ապա նա խոսքը փոխանցեց առաջին փոխվարչապետին՝ նշելով․ - «Պարոն Կարապետյանը ձեզ հիմա շատ կարևոր ասելիք ունի»:
Կարեն Կարապետյանը հայտարարեց․ - «Այսօր մենք որոշում ենք կայացրել, որ ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ, Ազգային ժողովից հետ վերցվի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք»:
«Վաղվա օրը չափազանց կարևոր օր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք և սթափություն, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք՝ հայերս, ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն կա, չլուծված հարցեր կան՝ կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել», - ասաց Կարապետյանը:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:
Պատգամավորին կալանավորելու համար պահանջվում է Ազգային ժողովի որոշումը նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին:
Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին, ինչից հետո՝ գիշերը, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի հետ: