Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը «իր անվերապահ աջակցությունն է հայտնում խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, իր անվերապահ աջակցությունը հայտնելով ցուցարարներին:

Արձանագրելով, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ «զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը», ընդդիմադիր ուժը «անխոհեմ և չափազանց վտանգավոր» է որակել բողոքի ակցիաները ճնշելու՝ իշխանությունների գործողությունները:

«Նման գործողությունները հիշեցնում են իշխանության գործելաոճը 2008թ․-ի մարտի 1-ից առաջ։ Երբ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից հարկադրաբար մեկուսացվում են շարժման առաջնորդները, իշխանությունը կանխամտածված ստեղծում է գործընթացները անկառավարելիության հուն տեղափոխելու պայմաններ։ Իսկ երբ երկրի փաստացի ղեկավարը նաև հրապարակայնորեն սպառնում է ցուցարարներին մարտի 1-ի կրկնությամբ, այդ պահից սկսած նա ըստ էության ստանձնում է թե՛ 2008թ-ի մարտի 1-ի ոճրագործության, և թե՛ ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը», - հայտարարում է Կոնգրեսը՝ պահանջելով իշխանություններից «զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, բողոքի ակցիաների մյուս կազմակերպիչներին և ակտիվիստներին, և իրավիճակը կարգավորել բացառապես քաղաքական, խաղաղ մեթոդներով»։

«Հայ Ազգային Կոնգրեսը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ժողովրդավարության հաստատման համար ոչ բռնի, սահմանադրական, խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին», - եզրափակում է ընդդիմադիր ուժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG