Երևանի Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող բազմամարդ ցույցում փորձեց ելույթ ունենալ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, սակայն հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվեցին հարթակ տրամադրել նրան:
Միջադեպին միջամտեց վարչապետ Սերժ Սարգսյանի րաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Ես ելույթ եմ ունենում, որովհետև տգեղ միջադեպ տեղի ունեցավ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները թույլ չտվեցին Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ, որովհետև վերապահմամբ են մոտենում նրա խոսքին: Շարժումը սկսվելուց առաջ Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մի արեք նման բան, այստեղ ծախվածներ չկան»,- հայտարարեց Հակոբյանը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին: