Մատչելիության հղումներ

Ստամբուլում բնակվող հայաստանցիները միացել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքին


Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարունակվող բողոքի ալիքին միացել են նաև Ստամբուլում բնակվող հայաստանցիները: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, շուրջ 20 հոգանոց ցուցարարների խումբը այսօր կեսօրին հավաքվել է Ստամբուլի Քումքափը թաղամասում տեղակայված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու դիմաց: Հայաստանցի ցուցարարները ցանկացել են բողոքի ակցիա անցկացնել Պոլսո Հայոց պատրիարքարանի առաջ, սակայն եկեղեցու ղեկավար խորհրդից զգուշացում են ստացել, որ ցույցը թույլատրելի չէ: Միաժամանակ միջամտություն են ցուցաբերել նաև ոստիկանները:

Ցրվելու հորդորներից հետո մարդիկ հավաքվել են պատրիարքարանից ոչ հեռու գտնվող Հայ ավետարանչական եկեղեցում: Ավելի մեծաթիվ խումբ կազմելով՝ ցուցարարները հայկական դրոշներով և «Մերժիր Սերժին», «Փաշինյան վարչապետ» կարգախոսներով ու պաստառներով բողոքի ձայն են բարձրացրել Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք նաև հայտարարել են՝ Սերժ Սարգսյանին չեն ընդունում իբրև վարչապետ ու ցավով հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ցուցարարներն իրենց հավաքն ավարտել են աղոթքով՝ ի բարօրություն Հայաստանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG