Արևմտյան գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները այսօր անդրադառնում են Երևանում ծավալված իրադարձություններին:
Բրիտանական BBC World News հեռուստաընկերությունը արդեն շուրջ ութ ժամ է, ինչ իր լրատվական թողարկումները սկսում է Երևանում ծավալվող իրադարձությունների մասին թարմացվող տեղեկատվությամբ` ուղեկցելով այն «Քաղաքական ճգնաժամ Հայաստանում» լուսագրով:
«2015 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը իշխանական լծակների մեծը մասը նախագահականից տարավ վարչապետի նստավայր», - նշում են BBC-ի լրագրողները:
Բրիտանական հեռուստաընկերությունը նաև հատվածներ է ցուցադրում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպումից` նշելով, որ Փաշինյան - Սարգսյան հանդիպումից քիչ անց ընդդիմության ղեկավարը բերման ենթարկվեց:
«Իրավիճակը շատ լարված է: Դուք տեսնում եք, որ ոստիկանությունը ցրում է Նիկոլ Փաշինյանի աջակիցներին` ուշադրություն չդարձնելով անգամ նրանցից ոմանց պատկառելի տարիքին: Հիշեցնեմ, որ սա Սերժ Սարգսյանի դեմ բողոքի գործողությունների տասներորդ օրն է», - հիշեցնում է BBC-ի հաղորդավարը:
BBC-ի եվրոպական հարցերով խմբագիր Դենի Էբերհարդի ուշադրությունից չի վրիպել Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում էր Մարտի 1-ին. - «Դա բավականին չարագուշակ նախազգուշացում էր: Այսպիսով նա հիշեցրեց տասնամյա վաղեմության իրադարձությունները: Այն ժամանակ, երբ Սարգսայնը գալիս էր իշխանության, մի շարք մարդիկ սպանվեցին: 2008-ին սակայն նա կարողացավ դրա տակից դուրս գալ: Հարկ է նաև նկատել, որ այսօրվա բանակցությունները ավելի շատ շոու էին հիշեցնում, քան հարցը լուծելու իրական փորձ»:
Euronews ալիքը ևս անդրադառնում է երևանյան վերջին իրադարձություններին` գրելով. - «Նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ Հայաստանում ծավալված բողոքի գործողությունների առաջնորդը ձերբակալվել է հերթական ցույցի ժամանակ»: Լրատվամիջոցը հատուկ նկատում է, որ «Փաշինյանը ձերբակալվեց վարչապետի հետ անհաջող բանակցություններից հետո»:
«Հայաստանում մեկնարկած և ավելի քան մեկ ամիս շարունակվող լայնածավալ բողոքի գործողությունների առաջնորդը ձերբակալվել է», - գրում է The Washington Post-ը` նկարագրելով նաև դրանից հետո ստեղծված իրադրությունը. - «Քաղաքի փողոցները թնդում են մեքենաների ազդանշաններից: Սա բողոքն արտահայտելու նոր ձև է Հայաստանի համար»:
«Իրավիճակը Հայաստանում փոխվել է, և Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում տիրող իրավիճակը: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը», - Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի այս խոսքերն է մեջբերում ևս մեկ առաջատար ամերիկյան լրատվամիջոց` The New York Times-ը` նույնպես հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Փաշինյանը ձերբակալվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
CNN-ը ևս չի շրջանցել երևանյան դեպքերը կանգ առնելով նաև Սարգսյան - Փաշինյան հանդիպման արտաքին պատկերի վրա:
«Ուղիղ հեռարձակմամբ ցուցադրված այս հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կոստյումով էր, իսկ Նիկոլ Փաշինյանը` կամուֆլյաժ շապիկով, ձեռքն էլ վիրակապված», - դիտարկում են CNN-ի լրագրողները` նույնպես ընդգծելով, որ հայաստանյան բողոքի ակցիաների ղեկավարը ձերբակալվեց այս հանդիպումից քիչ անց:
«Ընդդիմության առաջնորդի ձերբակալությունից հետո հայաստանյան քաղաքական ճգնաժամը է'լ ավելի է խորանում», - նկատում է լոնդոնյան Daily Telegraph-ը: Նկարագրելով բողոքի գործողությունների մասնակիցների շրջանում տիրող տրամադրությունները` թերթը գրում է. - «Ընդդիմության աջակիցները քննադատում են 63-ամյա Սերժ Սարգսյանին երկրում աղքատության [մեծ] ծավալների, կոռուպցիայի և ամենակարող օլիգարխների առկայության համար: Բողոքի ակցիաների մասնակիցները Սարգսյանին մեղադրում են նաև իշխանությունից կառչելու համար, քանի որ նա 10 տարի որպես նախագահ պաշտոնավարելուց հետո այժմ էլ նշանակվել է վարչապետի պաշտոնում»:
Լոնդոնում լույս տեսնող հեղինակավոր Guardian-ը գրում է. - «Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդիկ երթեր են կազմակերպում Երևանի փողոցներում` արգելափակելով դրանք և նստացույցեր կազմակերպելով»: Խոսելով բողոքի ակցիաների պատճառների մասին` Guardian-ը գրում է. - «2015-ին հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն, իշխանության լծակների մեծամասնությունը անցավ վարչապետին, իսկ նախագահի պաշտոնը առավելապես արարողակարգային բնույթ է կրում: Ընդդիմության պնդմամբ, այդ փոփոխություններով Սարգսյանը Հայաստանի ցմահ ղեկավար է դառնում»: