Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Պետք է շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման և լարվածության թուլացման: Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից և պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, և շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի նախագահի գրասենյակը:

«Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG