Նիկոլ Փաշինյանի և այսօրվա բողոքի ակցիաների ժամանակ մյուս ձերբակալվածների ազատ արձակման պահանջով Շենգավիթի ոստիկանատան մոտ հավաքված ցուցարարների բազմությունը ժամը 17:15-ի սահմաններում ուղղվեց դեպի Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, ձերբակալությունից առաջ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում»:
Նշենք, որ ոստիկանությունը ուժեր է կուտակել Երևանի գլխավոր հրապարակում:
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:
Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց, որ ընդդիմադիր պատգամավորները ձերբակալված են: