Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարների առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կինը արդեն հինգ ժամ տեղեկություն չունի ամուսնու գտնվելու վայրի մասին: Ներկայացնում ենք Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված:
«Ազատության»․ - Տիկին Հակոբյան, այսօր ողջ օրվա ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ տեղեկություններ ճշտել, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն արդեն հայտարություն է տարածվել, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Սասուն Միքայելյանը՝ խորհրդարանի պատգամավորները, ձերբակալված են: Դուք հնարավորություն ունեցա՞ք պարզել, թե որտեղ է Ձեր ամուսինը:
Հակոբյան․ - Մինչև այս պահը ես որևէ պաշտոնական տեղեկություն իրենից չունեմ: Ուղիղ հինգ ժամ ես զանգ չեմ ստացել իրենից և իր գտնվելու մասին որևէ լուր չունեմ: Միակ ինֆորմացիան այդ հայտարարությունն է ձերբակալման մասին, որտեղ գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա:
«Ազատություն»․ - Կա՞ որևէ մեկը, որի հետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցել է կապ հաստատել: Նա ունի՞ փաստաբան:
Հակոբյան․ - Ինձ այդպիսի տեղեկություն հայտնի չէ, ինձ մի քանի փաստաբաններ այս ընթացքում զանգահարել են, որպեսզի պարզեին որտեղ է գտնվում նա և իրենց ծառայությունները առաջարկեին: Այնպես որ, չի եղել որևէ փաստաբան, որը կապվի ինձ հետ և ինքը ինֆորմացիա փոխանցի՝ տեսակցած լինի կամ հանդիպած լինի: Որևէ այդպիսի հանդիպման մասին տեղեկություն ես չունեմ:
«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ չի հայտարարվում Փաշինյանի գտնվելու վայրը՝ թե ոստիկանության որ բաժնում է նա գտնվում:
Հակոբյան․ - Տարատեսակ լուրեր են ժողովրդի մեջ տարածվում, օրինակ, դրանցից մեկն այն էր, որ Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի հետ միասին նա նույնպես գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում և քանի որ մեր բնակարանը նույնպես ոստիկանության այդ շենքում է, իմ աղջիկը նույնպես զանգահարեց և ասաց, որ այդ ինֆորմացիայի հիման վրա մարդիկ գնացել ու շրջափակել են տարածքը: Իմ կարծիքով, չի ասվում որտեղ է պաշտոնապես, որպեսզի հնարավորինս խուսափեն այդ իրավիճակից, որպեսզի ժողովուրդը չգնա, չշրջափակի ու ինչ֊որ բաներ տեղի չունենան:
«Ազատություն»․ - Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Տիկին Հակոբյան, եթե կա ձերբակալության որոշում, կալանքի որոշումը ինչքանո՞վ եք հնարավոր համարում:
Հակոբյան․ - Ճիշտն ասած ի սկզբանե ես երբեք էլ չեմ բացառել, դեռ ամենանախնական փուլում, որ կարող է նաև այդ լուծումը լինի իշխանության կողմից, բայց Հանրապետության հրապարակում վերջին հանրահավաքներից հետո դա մի քիչ ավելի անիրատեսական էր թվում, հաշվի առնելով այն մասշտաբները, որ շարժումը արդեն ձեռք է բերել:
Մյուս կողմից, իհարկե, կարող են անել, բայց այն, ինչ այսօր, այս պահին տեղի է ունենում ամբողջ Երևանում և ամբողջ Հանրապետությունում, ինֆորմացիաներ են գալիս՝ մայրուղիներ են փակվում, գյուղերում են հանրահավաքներ լինում, քաղաքաներում երթեր, հանրահավաքներ, իսկ Երևանում բոլորս ենք տեսնում, թե ինչ է կատարվում: Ինձ թվում է, որ արդեն ակնհայտ է, որ եթե նույնիսկ այդ որոշումն էլ կայացվի և կալանավորում լինի, ոչինչ չի փոխվի դրանից հետո այս շարժման իմաստով: Ի վերջո՝ խնդիրն այն էր, որ ժողովուրդը այն հուսահատությունից, որի մեջ ընկած էր երկար ժամանակ՝ 2008 թվականից հետո, հաղթահարվի այդ հուսահատությունը: Եվ մենք տեսանք այդ զարթոնքը, դա տեսավ ամբողջ աշխարհը: Այսինքն, հրաբուխը, որն արդեն արթնացել է, այդ հրաբուխը հանգցնել, ես համոզված եմ, որ հնարավոր չէ: Այնպես որ դա իրենց որոշելիքն է, ոնց կորոշեն, թող այնպես էլ վարվեն, բայց դա, ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխի։
«Ազատություն»․ - Իսկ Փաշինյանը պատրա՞ստ էր իրադարձությունների նման ընթացքին:
Հակոբյան․ - Կարծում եմ՝ այո: Վստահ եմ, որ այո, պատրաստ էր: