Մատչելիության հղումներ

Բռնություն է կիրառվել «Շանթ»-ի լրագրողի նկատմամբ, հատուկ միջոցներից տուժել է Հանրային ռադիոյի լրագրողը


Քիչ առաջ դիմակավորված, քաղաքացիական անձանց կողմից բռնության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանը։

«Ազատության» հետ զրույցում Խուլյանը պատմեց, որ այդ պահին լրագրողներն անպաշտպան վիճակում էին գտնվում․ - «Ես և իմ գործընկերները գտնվում էինք Էրեբունի փողոցում, երբ ցուցարարների մոտ խուճապ տարածվեց, թե քարերով քաղաքացիական անձինք են հարձակվում, մարդիկ գոչում էին՝ ժողովուրդ, փախեք։ Այդ ընթացքում չհասցրի մի կողմ քաշվել, տեսնեմ առջևիցս գալիս էին մի խումբ դիմակավորված, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք երիտասարդ տղաներ էին։ Մեր ուղղությամբ քարեր էին նետում, ու նրանցից մեկն էլ ինձ մոտեցավ և բութ գործիքով գլխիս հարվածեց, այնուհետև էլեկտրաշոկի ենթարկեցին։ Տարածքի բնակիչները, ցույցի մասնակիցները գոռում էին՝ թողեք լրագրողին։ Միայն դրանից հետո ինձ բաց թողեցին»:

Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում այսօր ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով՝ տուժել է նաև «Հանրային» ռադիոյի լրագրող Լիանա Եղիազայանը։ «Ազատության» հետ զրույցում լրագրողն ասաց, որ ստացել է ստորին վերջույթների վնասվածք. - «Նռնակներից մեկն էլ դեմքիս մոտ է պայթել, դրանից էլ գլխապտույտ, սրտխառնոց է առաջացել։ Շատ անկառավարելի էին այդ միջոցները կիրառում, նետում էին, ըստ երևույթին, որպեսզի մարդիկ չխոչընդոտեն Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելը, բայց այդ նռնակները նետում էին հենց այն ուղղությամբ, որտեղ լրագրողներն աշխատում էին՝ տեսախցիկներով, բարձրախոսներով, լրագրողական բեյջերով, բայց դրանց, բնականաբար, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում»։

Հարցին, թե արդյոք միտում տեսնում է՝ հենց լրագրողների մոտ նռնակ նետելը, լրագրողը պատասխանեց. - «Ես միտում չեմ տեսնում։ Հասկանում եմ, որ դա հենց Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելը հաջողելու համար էր արվում։ Ոստիկանությունը մի քանի անգամ պնդում էր, որ պահպանենք ողջամիտ հեռավորություն, բայց այդ պահին, երբ աշխատում ես հենց ամենաթեժ պահին, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Երևանի փոխոստիկանապետի հետ, դա չեմ կարծում, որ ոչ խելամիտ հեռավորությունն է։ Դու աշխատում ես այնտեղ, որտեղ բանակցում են ցույցի առաջնորդն ու ոստիկանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG