Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին ձերբակալելու մասին արձանագրությունը


Քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ դատարանում բողոքարկել են Սանասարյանին ձերբակալելու մասին արձանագրությունը:

Դատական նիստը կկայանա օրվա ընթացքում, որին, փաստաբանի խոսքով, կմասնակցի նաև իր պաշտպանյալը:

Պետրոսյանի խոսքով, Սանասարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1 և 2֊րդ մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»: Բացի այդ, նա կասկածվում է նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, տվյալ դեպքում՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը»: Ընդ որում կասկածանքը վերաբերում է ապրիլի 13,14-ին տեղի ունեցած իրադարձություններին՝ Համալսարան, Ռադիոտուն, նաև ԱԺ-ի մոտ:

Նշվել է, որ նա ձերբակալվել է, որպեսզի կանխվի նրա փախուստը:

«Դա ակնհայտ ապօրինություն է, ինքը ապրիլի 13-14-ից հետո ամեն օր եղել է բոլորի տեսադաշտում՝ իր հրապարակային ելույթներով, խաղաղ կոչերով, որ ոստիկանները մեր բարեկամներն են, մեր եղբայրներն են․որևէ մեկն իրավունք չունի բռնի ուժ կիրառել», - ասած Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանի կարծիքով, Սանասարյանին ձերբակալելու միջոցով փորձ է արվում խափանել քաղաքացիական ընդվզման շարժումը: Քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը բերման էր ենթարկվել փողոցից: Նրա կինը «Ազատությանը» փոխանցել էր, որ փողոցում դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են մեքենան և Սանասարյանին դուրս բերելով տարել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG