Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը Շենգավիթի բաժնում են, Փաշինյանի գտնվելու վայրը անհայտ է


Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Միքայելյանի քույրը:

Ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել էր, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ևս գտնվում է Շենգավիթի բաժնում:

Ընդդիմադիր ցուցարարների առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը առայժմ անհայտ է: Նրա կինը՝ Աննա Հակոբյանը, «Ազատությանը» հայտնեց, որ ինքը ևս տեղեկություն չունի Փաշինյանի գտնվելու վայրից, սակայն, չճշտված տեղեկություններով, ընդդիմադիր գործչին ավտոմեքենայով տեղափոխում են տեղից տեղ:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալված են:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG