«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդրում է վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերը առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին նորից հանդիպել։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում Մարուքյանը մասնավորապես ասում է. - «Ես հետևում էի Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի պատմական հանդիպմանը պետք է ասեմ, և ես կարծում եմ, որ մենք լուրջ ձեռքբերում ունենք, այդ հանդիպումը շատ կարևոր էր։ Ես խնդրանք ունեմ, որ պարոն Փաշինյանը և պարոն Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, մտածեն ևս տարբերակներ և նորից հանդիպեն»։
«Ես ձեզ խնդրում եմ, պարոն Սարգսյան, ես Ձեզ խնդրում եմ, պարոն Փաշինյան, իմ լավ ընկեր, ես խնդրում եմ ևս մեկ անգամ հնարավորություն գտեք, խոսեք և տարբերակները քննարկենք», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Մենք պետք է ամեն բան անենք, որ խուսափենք անդառնալի հետևանքներից»։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև րոպեներ տևած և ձախողված հանդիպումից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ պատրաստ է հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: