Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ընդամենը րոպեներ տևած բանակցություններից հետո ընդդիմադիր ցուցարարների առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները:
«Ուզում եմ արձանագրել, որ սա ևս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում Հանրապետությունում ստեղծված իրավիճակին», - հայտարարեց Փաշինյանը՝ մեկնաբանելով տապալված բանակցությունները: - «Եվ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում»:
Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը «ադեկվատության զգացումը կորցրել է, լավ չի տիրապետում իրավիճակին»:
«Մենք պետք է շարունակենք ճնշումները այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել: Ուստի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում Հանրապետության բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում կրկնակի ծավալներով իրականացնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կրկնում եմ, որ այդ ամեն ինչը պետք է տեղի ունենա ոչ բռնի եղանակով», - նաև ասաց ընդդիմադիր գործիչը:
«Ազատության» հարցին՝ պայմանավորված չէի՞ն ինչի շուրջ են բանակցում, ինչո՞ւ այդ բանակցությունները տապալվեցին, հստակ ասվե՞լ էր այն մասին, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է քննարկել իր ներկայացրած քաղաքական օրակարգը՝ Սարգսյանի հեռացման պայմանները, Փաշինյանը պատասխանեց․ - «Այո՛, պայմանավորված էինք: Երբ Արմեն Սարգսյանը եկել է ես շատ հստակ ասել եմ, որ քննարկման թեման կարող է լինել միայն իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացումը և դրա պայմանները և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները։ Եվ ոչ միայն սա ասել եմ, այլև մեր խոսակցության վերջում ևս մեկ անգամ ճշտել եմ, թե արդյո՞ք մենք իրար ճիշտ ենք հասկանում և արձանագրվել է, որ ճիշտ ենք հասկանում: Օրվա վերջին ասել են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ օրակարգի շուրջ քննարկումների և մենք ասել ենք, որ, բնականաբար, մեր օրակարգը քննարկելու կգանք և կքննարկենք»:

Լրագրողներից մեկի հարցին՝ հանդիպումը բաց կամ փակ ձևաչափով անցկացվելու հարցը նախապես քննարկվե՞լ էր, Փաշինյանը արձագանքեց․ - «Հայտարարությունից առաջ բոլոր պայմանները ճշտված են եղել, որից հետո ես արել եմ հայտարարություն: Այսօր առավոտյան ինձ ասել են, որ կարծես թե թյուրըմբռնում է եղել և խոսք է եղել սկզբից և վերջում լրագրողների մասնակցության մասին: Մենք ասել ենք, որ ոչ՝ մեզ համար սկզբունքային է, որ գործընթացը սկզբից մինչև վերջ պետք է տեղի ունենա հանրության համար թափանցիկ ձևով»: