Էջմիածին քաղաքից ու հարակից գյուղերից դեպի Երևան՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքին միանալու եկող քաղաքացիների երթն ու ավտոերթն այսօր Փարաքարի ոստիկանական պահակակետի մոտ բախվեց խոչընդոտների:
Հանրապետական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հրահանգով մի քանի բեռնատարներ ցուցարարների առաջ փակեցին դեպի Երևան եկող ճանապարհը:
Վերջին օրերին քաղաքացիների կողմից փողոցների փակման գործողությունները կանխող ոստիկանները առանց միջամտելու դիտում էին Հանրապետական Մովսիսյանի գործողությունները՝ միայն ապահովելով Երևանից դեպի Էջմիածին գնացող ճանապարհահատվածի երթևեկելիությունը:
Առաքել Մովսիսյանի հրահանգով գործող մի քանի անձինք «Ազատության» թղթակցի աչքի առաջ բեռնատար մի մեքենայից դուրս շպրտեցին վարորդին ու մտցրեցին հարակից մի շինություն:
Խորհրդարանական վերջին ընտրություններում պատգամավոր չընտրված Առաքել Մովսիսյանը դատապարտում էր Փաշինյանի ու կողմնակիցները գործողությունները:
«Հիմմմարությունա ի՞նչ պըտի ասենք... որդև սաղ աշխատանքներից զրկվել են, սաղ տեղերը փագա, մի երկու օրից խաբված են զգալու, հետո ուշա լինելու», ֊ հայտարարեց Մովսիսյանը։
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող քաղաքացիների զգալի մասը կարողացավ շրջանցել ստեղծված արգելքն ու հետիոտն կամ մեքենաներով մտնել Երևան:
Էջմիածին քաղաքում բողոքի ակցիան առավոտյան սկսել էին մի քանի
երիտասարդներ, հետո քաղաքի փողոցներով ծավալված երկու ժամանոց երթին միացան հարյուրավոր քաղաքացիներ, իսկ ավելի ուշ՝ հարակից գյուղերից երթով եկած ցուցարարները: Բողոքի դուրս եկած քաղաքացիները պնդում էին, որ այլևս Էջմիածնում վախի մթնոլորտ չկա:
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ընթացիկ ցույցերի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմավիրի մարզից ընտրված հանրապետական պատգամավորներ, գեներալներ Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչները ճնշում են Էջմիածնին հարակից գյուղերում բողոքի դուրս եկող քաղաքացիներին: Այսօրվա ցույցի նախաձեռնողներից մեկը ևս ասաց, որ ճնշումներ եղել են:
«Հիմնականում քաղացիներից կան տարբեր արձագանքներ և տեղեկություններ, որ ճնշում են, չեն թողում մասնակցել, չեն թողում դուրս գան», ֊ պատմեց մի ցուցարար։
Այդուհանդերձ, Էջմիածնից բողոքի դուրս եկած քաղաքացիները վստահեցնում էին, որ շարունակելու են բողոքի գործողությունները։