Մատչելիության հղումներ

Ցուցարարները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էին անցկացնում Մաշտոց-Պուշկին, Մաշտոց-Թումանյան խաչմերուկներում


Մայրաքաղաքի կենտրոնում այսօր շարունակ փակվում ապա բացվում էին մի քանի խաչմերուկներ, դրանցից էին Մաշտոցի պողոտա-Պուշկին, Մաշտոցի պողոտա -Թումանյան խաչմերուկները։

Ցուցարարները Մաշտոցի պողոտայի վրա սկսեցին հավաքվել ժամը 13-ի սահմաններում և մինչև երեկո պարբերաբար կաթվածահար էին անում երթևեկությունը, այնքան ժամանակ, որ ոստիկանական մեքենաներն ի վերջո իրենք փակեցին փողոցը:

Ակցիայի սկզբում, երբ ցուցարարների թիվը մեծ չէր ոստիկանությունը ամենաակտվներին և փողոցը փակողներին փորձում էր բերման ենթարկել, ինչն ուղեկցվում էր բղավոցներով ու հորդորներով՝ չտանել քաղաքացուն։ Քաղաքացիներից ոմանք ի վերջո փախչում էին ոստիկանական մեքենայից։

Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկը օրվա ընթացքում այնքան բազմամարդ դարձավ, որ այստեղից 2 բազմամարդ խմբեր երթով հեռացան քաղաքի այլ ուղղություններով, չնայած դրան քիչ անց խաչմերուկը նորից բազմամարդ էր դառնում։ Քաղաքացիները սպասում էին մայթերին ու վազում փողոց, երբ վառվում էր հետիոտնի կանաչ լույսը։

Ցուցարարները տարբեր պատճառներ էին նշում, թե ինչ է իրենց փողոց հանել՝ անարդարությունը, տնտեսական վատ վիճակը, մտավախությունը, որ Հայաստանը կդառնա բռնապետություն։ Ցուցարարներին միանում էին բազմաթիվ վարորդներ, ովքեր հասնելով խաչմերուկին՝ դանդաղեցնում էին ընթացքը, մնում այնտեղ տևական ժամանակ, ապա վարում և գնում։

Սիլվա անունով ներկայացած մի մեքենայի վարորդ մեքենան կայանեց Թումանյան Մաշտոց խաչմերուկի կենտրոնում և հրաժարվեց հեռանալ։

«Մենք միանում ենք ակցիային, որովհետև հույս ունենք, որ կարող է՝ կառավարությունը տեսնի, որ այսքան մարդ է դուրս եկել և ինչ֊որ մի բան փոխվի», ֊ «Ազատության» հետ զրույցում իր ակցիան մեկնաբանեց Սիլվան:

Ոստիկանները նրան բերման ենթարկեցին, Սիլվան իր հետ տարավ մեքենայի բանալին, ապա ոստիկանները սկսեցին հրելով մեքենան հեռացնել խաչմերուկից, թեև մեքենայի ներսում 2 ուղևոր կար։

Ոստիկանները ի վերջո արձակեցին ցույցին միացած մեքենայի անվադողի օդը։

Մաշտոցի պողոտայում հավաքված ցուցարարները ի վերջո երթով գնացին դեպի Հանրապետության հրապարակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG