Մատչելիության հղումներ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է


Հատուկ քննչական ծառայությունն այսօր ձերբակալել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանին: Ինչպես մեզ փոխանցեցին ՀՔԾ ֊ից Գրիգորյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1 և 2֊րդ մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը: Բացի այդ, ըստ ՀՔԾ֊ի Արմեն Գրիգորյանը կասկածվում է նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, տվյալ դեպքում ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը»:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար նախաքննական մարմինն ունի 72 ժամ: Այսօր, ի դեպ, Հանրապետության հրապարակում անդրադառնալով Արմեն Գրիգորյանի ձերբակալմանը , Նիկոլ Փաշինյանը, պահանջեց անհապաղ բաց թողնել նրան: ֊ «Դա զավեշտալի մեղադրանք է», ֊ ասաց Փաշինյանը:

Ինքը՝ Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ ֊ «ՀՔԾ բերելուց ամենաբոցն էն էր՝ գազելը որ ուղղությամբ գնում էր ճանապարհները փակ էին ու մի խաչմերուկում սաղ սկսեցին սիգնալ տալ։ Ոգևորության մի այլ կարգի ալիք կար ու էդքան ոստիկանների մեջ ինձ հեչ մենակ չէի զգում»:

Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել «Մերժիր Սերժիր» նախաձեռնության մեկ այլ անդամ, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին: Առայժմ պարզ չէ, արդյոք նա նույնպես կձերբակալվի: Ոստիկանությունից նշեցին, որ նրան փոխանցում են նախաքննական մարմնին: Բարսեղյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գյումրիից նրան տեղափոխում են Երևան՝ Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG