Այսօր Վանաձորում 6 ակտիվիստ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ փողոցի երթևեկելի մասում կանգնելու համար, թեև բազմամարդ երթն այսօր անցնում էր հիմնականում կենտրոնական փողոցներով, և ակտիվիստներին փողոցից հանելու ոստիկանների բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում։
«Ազատության» տվյալներով՝ բերման ենթարկված ակտիվիստներից 3-ն արդեն ազատ են արձակվել։ Մյուսներին իրավական աջակցություն ցույց տալու պատրաստակամություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, բայց ինչպես տեղեկացրեց գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը, բերման ենթարկվածներից 2-ը հրաժարվել են իրավական աջակցությունից։
Մյուս ակտիվիստի մասով, որի անունը չցանկացան հրապարակել, իրավաբանն ասաց, որ այս պահին ոստիկանությունն արձանագրություն է կազմում, և ակտիվիստը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ մինչև 50 հազար դրամի չափով։ Թե ինչով է պայմանավորված, որ հատկապես այդ ակտիվիստին են բերման ենթարկել երթևեկելի մասում կանգնելու համար, ոստիկանները չեն հստակեցրել։