Մատչելիության հղումներ

Փաշինյանն արձագանքում է վարչապետ Սարգսյանի կոչին


Քաղաքացիական անհնազանդության բազմօրյա ցույցերն առաջնորդող Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի այսօր հրապարակված կոչին:

«Եթե ինքը էդ օրակարգը ընդունում է, մենք պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Եվ երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում», - նշեց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ վարչապետը զգուշացրել է, թե կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն արձագանքեց․ - «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ: Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»:

«Ես չեմ կարող որոշումներ կայացնել: Ես պիտի ենթարկվեմ ժողովրդի որոշումներին: Դուք տեսաք, թե երեկ ժողովուրդը ինչպես արձագանքեց երկխոսության մասին կոչին: Նրանք ասացին՝ ուշ է, ուշ է․․․ Ժողովուրդը նաև համաձայնեց Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկել»:

«Մեր հավաքները եղել են և լինելու են բացարձակ խաղաղ»

«Ես ուլտիմատումներով չեմ խոսում, և որևէ մեկին էլ խորհուրդ չեմ տալիս ինձ հետ ուլտիմատումներով խոսել: Մեր հավաքները եղել են բացարձակ խաղաղ և լինելու են բացարձակ խաղաղ, և ուժ կիրառելու որևէ իրավական հիմք չկա», - նշեց Փաշինյանը:

«Մարտի 1-ը չի կարող կրկնվել»

Հարցին, թե արդյոք Մարտի 1-ի կրկնության վտանգ չի տեսնում, նա պատասխանեց․ - «Ոչ: Մարտի 1-ը չի կարող կրկնվել, որովհետև, ի տարբերություն Մարտի 1-ի, այսօր ողջ հայությունը, սա ես պատասխանատու եմ ասում, աջակցում է մեր շարժումը: Եվ ես սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում էդ աջակցությունը մեծացնել, նամակներով, անընդհատ զանգերով ճնշումներ գործադրեն Սերժ Սարգսյանի վրա, որ նա հրաժարական տա․․․ Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա ոստիկան, կա զինվորական, որ պատրաստ է մեր վրա կրակել: Ես խնդրում եմ, մի համեմատեք էս իրավիճակը ո՛չ 2008-ի, ո՛չ 2003-ի, ո՛չ 1996-ի․․․ մի՞թե չի երևում, որ սա բացարձակապես ուրիշ իրավիճակ է: Այդ բոլոր իրավիճակներում կային նախագահի թեկնածուներ, որոնց հանրության մի մասը սիրում էր, մյուս մասը չէր սիրում: Էսօր ամեն քաղաքացի պայքարում է ինքը իր, իր ընտանիքի արժանապատվության և ազատության համար»:

«Սերժ Սարգսյանը իրականում չի տիրապետում իրավիճակին»

«Ես կարծում եմ, նա այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եվ ես Ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գեորգի Կուտոյանին անկեղծ և եղբայրաբար կոչ եմ անում Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը՝ իր բոլոր մանրամասներով, և բացատրել, որ նրա համառությունը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Ես Վլադիմիր Գասպարյանին, Գեորգի Կուտոյանին, Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոնին եղբայրաբար հորդորում եմ և խնդրում եմ, որ գնան և Սերժ Սարգսյանին զեկուցեն Հայաստանում ստեղծված իրավիճակը: Եվ բացատրեն, որ նրա համառությունը, ամեն ժամը, ամեն օրը սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG