Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով ձախ ոտքի կոտրվածք է ստացել, իսկ աջ ոտքն ունի բազմաթիվ վնասվածքներ։
Գրիգորյանը դեռևս շարունակելու է հիվանդանոցում բուժում ստանալ․ - «Ոչ մի պրովոկացիա ժողովրդի կողմից չկար, որովհետև բոլորը ձեռքերը վեր էին պարզել, որ հասկացողությունը լինի, որ մենք անզեն ենք։ Ու հասկացան, որ ժողովուրդը կգնա, որովհետև ոչ մի վախ չկար իրենցից, իրենց վահաններից, մահակներից։ Իրանց մնում էր միայն պայթուցիկները կիրառեն։ Երբ կիրառեցին, ես ու մի տղա վազեցին մի մեքենայի մոտ՝ մտածելով որ իրանք գիտակցում են, որ սա մեքենա ա, որ բենզին կա, որ գազ կա վրան, էդ կողմ չեն կրակի: Բայց արի ու տես, որ հենց էդ կողմի վրա էլ կրակեցին: Պայթուցիկը ընկավ ոտքերիս տակ․․․ փոշի, ծուխ: Փորձեցի հասկանամ որ մասս ա վնասվել, զգացի, որ ձախ ոտքս ա, ինձ թվաց, լրիվ պոկվել ա ինքը»:
Տուժողը պատմում է, որ անգամ շտապօգնության մեքենան հեռու է գտնվել, իսկ դրան հասնելը՝ հավելյալ դժվարություն ստեղծել․ - «Իրենք ընդհանրապես մտածո՞ւմ են մեր մասին, նայում ա՞ իր դիմաց, որ, բացի նրանից, որ ժողովուրդն է, ժողովրդի պայծառ ապագան ա, ջահել երեխեքն են գնում, լավ երեխեքն են գնում, որոնք գրագետ խոսում են ու իրանց մեջ ռո՞ւմբ ա գցում ձայնային․․․ Վախի մեջ են վերցնում երեխեքին․․․ Դու 18 տարեկան հասակում միանգամից իրան վախի մե՞ջ ես մտցնում»։
Նույնիսկ վատառողջ լինելու պայմաններում Զավեն Գրիգորյանը շարունակում է հետևել փողոցում տիրող բողոքի ակցիաներին․ - «Դուրս եկեք, որովհետև միայն դուրս գալով ենք կարողանալու փոխենք, որովհետև միայն դուրս գալով ենք կարողանալու զարգանալ, որովհետև միայն զարգացումն ա մեզ բերելու լավ կյանքի, ճիշտ կյանքի, արժանապատիվ կյանքի»։
Շինարար Զավեն Գրիգորյանն ասում է, որ մտադիր չէ հրաժարվել փողոցային պայքարից։ Առողջանալու դեպքում է՛լ ավելի ակտիվ պայքարի է անցնելու․ - «Որ հնարավորություն ունենայի սայլակով կգնաի, որովհետև ես կորցնելու հայրենիք չունեմ: Ես սիրում եմ իմ երկիրը ու ես իրան չեմ կորցնի»: