Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացմանը հունիսի 24-ին:
Հաղորդվում է, որ 450 պատգամավորներից 386-ը կողմ են քվեարկել իշխանությունների այդ առաջարկությանը, որի նպատակը, ինչպես նշում են փորձագետները, գործող առաջնորդ Ռեջեփ Էրդողանի դիրքերի ամրապնդումն է:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները, որոնցով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով:
Փոփոխությունների համաձայն կլուծարվի վարչապետի պաշտոնը, փոխարենը էականորեն կուժեղացվի նախագահական ինստիտուտը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված էին հաջորդ տարվա նոյեմբերին: