Մատչելիության հղումներ

Կաթողիկոսները ողջունել են հավաքի կազմակերպիչներին երկխոսության կանչելու ՀՀ նախագահի հրավերը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով և նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը նաև ասել է, թե՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին և երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»:

Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, և երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի և առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG