Մատչելիության հղումներ

«Հայաստանի՝ լայն ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն կարգեց վարչապետ»․ «Էկոնոմիստ»


Ցուցարարը պատառոտում է Սերժ Սարգսյանի դիմանկարով պաստառը, 13-ը ապրիլի, 2018թ․
Ցուցարարը պատառոտում է Սերժ Սարգսյանի դիմանկարով պաստառը, 13-ը ապրիլի, 2018թ․

Հայաստանում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ցույցերին է անդրադարձել նաև հեղինակավոր «էկոնոմիստ» հանդեսը՝ «Ծանոթացեք նոր ղեկավարի հետ» խորագրի ներքո:

«Հայաստանի՝ լայն ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն կարգեց վարչապետ», - գրել է բրիտանական պարբերականն ու հավելել՝ իշխանության լծակները հեռատեսորեն կենտրոնացնելով վարչապետի ձեռքում՝ այժմ Սերժ Սարգսյանը հենց այդ պաշտոնն է ստանձնում: Հիշեցնելով 2014-ին արած հայտարարությունը, թե իր համոզմամբ որևէ մեկը երկու անգամից ավելի չպետք է հավակնի իշխանության, «էկոնոմիստը» գրում է՝ պարզվեց դա ասելիս Սերժ Սարգսյանը պարզապես կատակում էր:

«Ապրիլի 17-ին համախոհներով համալրված Ազգային ժողովը նրան ընտրեց երկրի նոր վարչապետ, նույնիսկ ամենամեծ «ընդդիմադիր» խմբակցության շատ անդամներ դրան կողմ քվեարկեցին: Եվ եթե նմանակումը հաճոյանալու ամենաանկեղծ ձևերից է, ապա Վլադիմիր Պուտինը պետք է որ գոհ լինի սրանից», - ընդգծում է «էկոնոմիստը»:

Վերլուծելով մինչ այդ տեղի ունեցած զարգացումները՝ բրիտանական հանդեսը փաստում է՝ Սերժ Սարգսյանի մտադրությունները վաղուց էին հստակ. Սահմանադրական փոփոխությունները, որ նա ձեռնարկեց 2015 թվականի դեկտեմբերին, վարչապետին են տալիս գրեթե բոլոր այն լիազորությունները, որ մինչ այդ գտնվում էին նախագահի ձեռքում: Փոփոխությունները նաև վերացնում են երկրի նախագահի ուղիղ ընտրությունները, երաշխավորելով, որ այդ պաշտոնը ևս զբաղեցնի Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացած մեկը․ - «Սերժ Սարգսյանը պնդում է, որ խորհրդարանական համակարգը կամրապնդի ժողովրդավարությունը, ինչին, սակայն, հայաստանցիներից շատերը չեն հավատում, պնդելով՝ նոր ու խճճված ընտրական համակարգը գրեթե երաշխավորում է, որ Սերժ Սարգսյանի Հանրապետականը մեծամասնություն կազմի»:

1,5 միլիոն տպաքանակ ունեցող և տնտեսական ուղղվածությամբ հայտնի պարբերականը նշում է՝ «մեկ տասնամյակ կառավարելուց հետո Սերժ Սարգսյանը հպարտանալու քիչ առիթներ ունի. տնտեսությունը, որ կախված է Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներից, աննշան է աճել, գործազրկությունը մոտ 20 տոկոսի է հասնում, աղքատության մեջ ապրող հայաստանցիների թիվը 2008-ից ի վեր ավելացել է, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները փակ են, օտարերկրյա ներդրողներին վանում է կառուպցիան, տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկվում են օլիգարխների կողմից, որոնց շարքում է նաև Սերժ Սարգսյանը»:

Ներկայացնելով նրա ներկայիս քաղաքականությունը՝ «էկոնոմիստը» նշում է՝ Սարգսյանը հեռանկարային երեք ծրագիր ունի՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, բարելավել ժողովրդագրական վիճակն ու Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, երեքն էլ, սակայն, ըստ էության, իրատեսական չեն:

«Եվրամիության հետ համաձայնագիրը Ասոցացման պայմանագրի առավել թույլ տարբերակն է, որից Սերժ Սարգսյանը հրաժարվեց՝ միանալով Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը: Մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը կոնկրետ առաջարկներ չի պարունակում, Հայաստանի ՏՏ ոլորտն էլ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, բայց՝ առավել հայտնի է իր էժան աշխատուժով»:

Բրիտանական հանդեսը եզրափակում է. - «Սերժ Սարգսյանի նոր պաշտոնավարումը ամենայն հավանականությամբ հիասթափեցնող է լինելու, և շուտով նա գուցե վերաարժևորի իր խոհեմությունը, երբ հայտարարում էր՝ նույն մարդը չպետք է երկու անգամից ավելի կառավարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG