Ադրբեջանում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականն ու ՆԱՏՕ-ի հրամանատարը քննարկել են Եվրոպայում ռազմական գործունեությունը և կարծիքներ փոխանակել Սիրիայի վերաբերյալ։ Այս մասին ասված է երկու կողմերի առանձին հայտարարություններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և արևմտյան ռազմական դաշինքը հայտարարել են, որ երեկ Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քուրթիս Սկապարոտիի հանդիպումը:
2013 թվականից ի վեր սա երկու գեներալների միջև կայացած առաջին հանդիպումն է: Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները խիստ վատթարացել են 2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո։