Մատչելիության հղումներ

Տնտեսական աճին խոչընդոտում են «ոչ թե ցույցերը, այլ կոռուպցիան և մենաշնորհները»


23-ամյա Միքայել Ղուկասյանը 2013 թվականից ի վեր գրեթե ամեն տարի մասնակցել է բողոքի ցույցերին, հույս ունի, որ դրանց արդյունքում Հայաստնում ի վերջո դրական փոփոխություններ կլինեն:

«Կարծում եմ մարդիկ մենակ նրա համար չեն գալիս, որ զուտ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չլինի: Մարդիկ գալիս են, որովհետև դժգոհ են երկրում ստեղծված վիճակից, դժգոհ են վերջին տասը տարում երկրում զարգացումներից ու չեն ուզում, որ երկիրը նույն ուղղությամբ գնա: Ուզում են, որ փոփոխություն լինի», - «Ազատության» հետ զրույցու ասաց նա:

Երևանի պետական համալսարանի ասպիրատ, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Ղուկասյանը իր պատկերացրած Հայաստանի մասին խոսելիս, առաջինը տնտեսական ցուցանիշներ է նշում: Նրա համար տնտեսապես ուժեղ երկիր ունենալը ոչ միայն ցանկություն է, այլև պահանջ իշխանություններից․ - «Կուզեի տեսնեմ, որ Հյուսիս - Հարավը արդեն մյուս տարի վերջացնեին, օրինակ, ոնց որ պլանավորվում էր, ոչ թե դեռ ընդամենը 10 տոկոսը լիներ: Կուզեի տեսնել, որ ՀՆԱ-ի աճը ամեն տարի երկնիշ թիվ լիներ, ոչ թե էս վերջին տարին 7.5 տոկոս, մինչև էդ 3, 2․5 տոկոս: Կուզեի, որ ավելի լավ երկրում ապրեինք, այսինքն զգացվեր, որ օր-օրի մեր վիճակը լավանում ա, ոչ թե հակառակը: Կամ ոչ թե մնում ենք նույն վիճակում»:

Երեկ «Շանթ» հեռուստաընկեությանը տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ վերջին գերթե բոլոր 10 տարիներ աչքի են ընկել ներքին կամ արտաքին անկայունությամբ և միայն 2017-ն էր, որ բողոքի ցույցեր չկային, իսկ այդ տարի գրանցվեց 7.5 տոկոս տնտեսական աճ։

Միքայել Ղուկասյանը հակադարձում է վարչապետին․ - «Հայաստանում էն վիճակը չի, որ տենց խոշոր ազդեցություն ունենան: Եթե ելնենք նրանից, որ 2017-ին ցույցեր չեն եղել, ուրեմն պետք է ներդրումները շատ լինեին․․․ Հապա ինչո՞ւ է, որ 2017-ին, 2016-ի նկատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումները համարյա 90 միլիոն դոլարով նվազել են՝ կազմելով մոտ 240 միլիոն դոլար, որից կարծեմ 220 միլիոնը մի ծրագիր է հանքի հետ կապված»:

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք միտինգները խանգարում են տնտեսական աճին, վարչապետ Սարգսյանն արձագանքել է, թե մարդկանց իրավունքները ազատություները առաջնային են, բայց՝ եթե իրակացվեն տրամաբանության սահմաններում․ - «Բայց երբ որ դրանք դառնում են անհամաչափ, երբ որ դրանք վեր են ածվում խցանումների Երևանում, ապա Դուք ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է դա դրականորեն ազդել: Ասենք, եթե Դուք, ենթադրենք, որոշել եք գնալ Փարիզ և հանկարծ լսում եք, որ Փարիզի փողոցներում հասարակական տրանսպորտ, ընդհանրապես տրանսպորտ չի աշխատում, որովհետև էնտեղ միտինգ է, կգնա՞ք: Հանգիստն անցկացնելու համար կգնաք անհանգիստ վա՞յր: Կամ եթե Դուք լինեք ներդրող, ո՞ր երկրում ներդրում կանեք»:

Միքայել Ղուկասյանը հակադարձում է․ - «Հենց նույն Փարիզում մոտ մեկ ամիս առաջ երկու հարյուր հազար մարդ դուրս էր եկել փողոց, խոշոր ցույցեր էին, բախումներ են կարծեմ նաև եղել, ու էդ ցուցարարները բողոքում էին նախագահ Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ: Բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը աշխարհում տեսել է այդ ցույցերը ու մտածել է՝ լավ, ես ուրեմն չեմ գնա Փարիզ, կգնամ Հայաստան, կամ կգնամ խաղաղ Տանզանիայում կհանգստանամ»:

Երիտասարդ տնտեսագետի խոսքով՝ բուհում իրենք սովորել են, որ ներդրում անող գործարարները որևէ երկիր դիտարկելիս առաջնային ուշադրություն են դարձնում, օրինակ, այդ երկրում կոռուպցիայի ցուցանիշներին․ - «Կարևոր գործոններից մեկը հենց կայունությունն է ու վստահելիությունը: Կայունություն ասելով, նկատի չունեմ, որ փողոցում ցույցեր չլինեն: Կայունության մեջ մտնում է, օրինակ, օրենքի գերակայությունը, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, ազատ մրցակցային պայմանները, կոռուպցիայի ցածր մակարդակը և այլն»:

Ցուցարարների շարքերն անցնելուց առաջ Միքայել Ղուկասյանը նաև նշում է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ կան այն մասին, որ ժողովրդավարության բարձր մակարդակը միայն նպաստում է տնտեսական աճին, իսկ վերջին 10 տարիներին գրեթե առանց բացառության ցուցարարները փողոց են դուրս եկել հանուն ավելի ժողովրդավար Հայաստանի․ - «Խաղաղ ցույցերի մասնակցության իրավունքը և այլն, դրանք նաև ժողովրդավարական պետության կարևոր մասնիկներից են: Հետևաբար դա նաև դրական է ազդում երկրի զարգացման վրա»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, հակաճառելով քննադատներին, ապացուցված փաստ է համարում, որ տնտեսական աճ են գրանցում այն երկրները, որտեղ չկան բողոքներ․ - «Այն երկրները, որտեղ խաղաղ է, որտեղ չեն լինում շատ մեծ ցույցեր, բողոքներ, այդ դեպքում ինվեստիցիաները ավելի հեշտ է ներգրավել, իրականում տուրիզմը զարգանում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG