Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը բողոքի ակցիաների ժամանակ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու վերաբերյալ


Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել շուրջ մեկ շաբաթ Երևանում ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ, փաստելով, որ դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։

«Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։

Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտա - Թումանյան խաչմերուկի մոտակայքում մի խումբ անձինք հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի վրա, բռնության ենթարկել նրանց:

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության՝ հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով վնասվածքներ են ստացել «168.am» կայքի թղթակից Անի Քեշիշյանը և «Factor.am»-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը, վնասվել է նաև վերջինիս գործընկեր Վրեժ Մարգարյանի տեսախցիկը և ուղիղ հեռարձակման սարքը։

Ապրիլի 14-ին ցուցարարների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներխուժել է Հանրային ռադիոյի շենք, կոտրել եթերային ստուդիայի դուռը և պահանջել անհապաղ ուղիղ եթեր տրամադրել։

Եթե Հանրային ռադիոյում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված, ապա որոշ այլ դեպքերում իրավապահները հապաղում են՝ նույնիսկ երբ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով բավական հեշտ է պարզել հարձակվողների ինքնությունը։ Սա հիմքեր է ստեղծում իրավապահների գործողությունները խտրական որակելու համար։

Հաշվի առնելով լարված հասարակական-քաղաքական իրավիճակը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

-իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց,

-ՀՀ ոստիկանությունից և նրա հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձանցից՝ հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով լրագրողների և օպերատորների գործունեության անհիմն սահմանափակումները, ինչպես նաև ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին հասցեագրված այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի շիկացնել իրավիճակը

-ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ կերպով վերահսկել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունները։

Լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերելու կոչ ենք անում նաև «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակիցներին և համակիրներին», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG