Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը հորդորում է պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում վերջին օրերին ծավալված դրամատիկ իրադարձությունների առնչությամբ ուղերձով է հանդես եկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը՝ բոլորին հորդորելով պահպանել զգաստությունն ու ողջախոհությունը:

«Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները:

Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում: Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն»,- մասնավորապես, նշված է կաթողիկոսի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG