Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը երեկ երեկոյան տված հարցազրույցում Սարգսյանը կարծիք է հայտնել, որ կողմերն իրար ընդառաջ գնալու խնդիր չունեն․ - «Այն, ինչ հնչեցվում է հրապարակում, փոխզիջում չի ենթադրում: Ենթադրում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից: Եվ այդ առումով ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսքը լինել: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե»:
Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանի կարծիքով, տեղի ունեցող բողոքի գործընթացներն ավելի շատ ուղղված են ապագային, քան այսօրվան: Գլխավորը, ըստ Սարգսյանի, այն է, որ չխախտվեն այն «կարմիր գծերը», որոնք գուցե հետո երկխոսության տեղ չթողնեն:
Սարգսյանը հատկապես վտանգավոր է համարում անչափահասների ներգրավումը քաղաքական գործընթացներում․ - «Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ ինքը պատասխանատու չէ բոլոր գործողությունների համար: Որովհետև ինքը ասում է՝ ժողովուրդը ինքնաբուխ պետք է բաներ անի․․․ Ես չեմ կարծում, որ կարելի է այդքան հանգիստ, ձեռները վեր բարձրացնելով, ասել՝ մեր մտադրությունները խաղաղ են, այնուհետև փորձել այդ նույն ձեռքերով փշալարը քաշել, որի հետևանքով կարող են բախումներ առաջանալ ոստիկանության հետ: Տեսնում եմ մի քիչ ազնվության պակաս»:
Սերժ Սարգսյանի ղեկավարման ընթացքում վեց տարիներին նախագահի աշխատակազմը ղեկավարած Վիգեն Սարգսյանի կարծիքով, երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի բանակի հետ, և եթե կառավարման համակարգը կաթվածահար լինի, դա կազդի երկրի մարտունակության վրա․ - «Խոսքը կոնկրետ այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային ներուժ ներազդելու, կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական ողջ համակարգը: Կարծում եմ, ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը իհարկե կարող է մեծապես տուժել դրանից»:
Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց մեկ օր անց Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակված Վիգեն Սարգսյանն ասել է, որ իր համար կանխատեսելի էր որոշ գործիչների կողմից իրավիճակի ծայրահեղացումը, սակայն հասկանալի չէ, թե որն է տեղի ունեցող բողոքի միջոցառումների դրդապատճառը․ - «Բողոք պետք է լիներ և անհանգստություն պետք է լիներ, եթե ձայների մեծամասնություն ստացած խորհրդարանական ուժի ղեկավարը փորձեր ստվերից կառավարեր գործընթացները: Եվ այդ դեպքում մտահոգությունները պետք է շատ ավելի ըմբռնելի լինեին, քան երբ ինքը, ստանձնելով քաղաքական պատասխանատվությունը այն ուժի համար, որը ձևավորել է մեծամասնություն, ներկայանում է խորհրդարան և ձևավորում է այն ուղղահայացը, որը որոշումների կայացման համար պատասխանատու է այս երկրում: Այնպես որ, այդ դժգոհությունը ինձ համար գոնե այդքան ըմբռնելի չէ»:
Հանրայինի հարցազրուցավարի դիտարկմանը, որ ցուցարարների բողոքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ է Վիգեն Սարգսյանը պատասխանել է․ - «Անկեղծ ասած, ինձ համար պահանջը հասկանալի չէ: Ինչի՞ն պետք է պատրաստ լինի իշխանությունը, և ես կարծում եմ, այս օրերը ցուցադրեցին, որ բավականին լուրջ առաջընթաց այդ առումով կա․ դա ոստիկանության արհեստավարժությունն է, որովհետև մասսայական բողոքներ ամեն տեղ աշխարհում լինում են, և ես կարծում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլ գերարհեստավարժ գործեց այս օրերին»:
Օրեր առաջ զինվորական շարասյուն էր նկատվել Երևանի փողոցներում, ինչը որոշ քաղաքացիների մոտ մտավախություն էր առաջացրել, որ բանակը կարող է օգտագործվել ներքաղաքական հարցերում: Նշելով, որ զինվորականները պարզապես առաջիկա մայիսյան տոնակատարության փորձին էին պատրաստվում՝ Պաշտպանության նախարարը, ըստ էության պնդել է, որ բանակի միջամտության կարիք չկա․ - «Շատ բան է հնարավոր ասել, բայց ակնհայտ է, որ ոստիկանությունը ունի ողջ ներուժը՝ նման իրավիճակում արհեստավարժ արձագանքելու»:
Շուրջ երկու տարի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Կառավարությունը շարունակում է բնականոն կերպով աշխատել: