Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկություններով սկսվել է քննարկման ընթացակարգ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի է որակել Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։
«Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների», - ասված է պաշտպանի հայտարարությունում:
Թաթոյանը շեշտել է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։
Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել Քննչական կոմիտե։
Նշենք, որ լրագրողը բռնության է ենթարկվել այսօր առավոտյան։ Նա այժմ գտնվում է Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում։
Մուրադյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են իրեն ծեծի ենթարկել։