Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը այսօր առաջին անգամ կառավարության նիստ է անցկացնելու:
Այդ առիթով, Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Հանրապետության հրապարակի մերձակայքում էր: Ինչպես Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր գործիչը նախապես հայտարարել էր երեկ, փորձելու են կառավարության, մի շարք նախարարությունների շենքեր շրջափակել:
Կառավարական շենքերը շրջափակելու նպատակը գերատեսչությունների աշխատանքը խափանելն է: Մասնավորապես, ցուցարարները առավոտից փորձում էին շրջափակել կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, նաև՝ կառավարությանն առընթեր մի քանի գերատեսչություններ:
Ոստիկանությունը, սակայն, ուժի գործադրմամբ ցուցարարներին ցրելով՝ առաջ մղեց դեպի Վարդանանց փողոց և վերահսկողություն սահմանեց շենքի մուտքի երկայնքով, ընդ որում՝ արգելափակվեց նաև Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը, թեև նա պատգամավոր է և անարգել կարող է մուտք գործել նախարարություն:
Ակցիայի մասնակիցները տարբեր կողմերից էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, այդ թվում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի և Հանրապետության փողոցի կողմից, սակայն այդ հատվածներում ևս ոստիկանությունը ուժի գործադրմամբ հետ մղեց ցուցարարներին: Բազմաթիվ բերման ենթարկվածներ կան:
Ոստիկանների գործողությունները համակարգում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, տարածքում էր նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց երթը: Առաջնորդելով մեծ թվով ցուցարարների՝ նա անցավ մայրաքաղաքի մի շարք փողոցներով, այս անգամ հասավ նաև արվարձաններ, Գարեգին Նժդեհի հրապարակ:
Տեղեկանալով, որ բերման են ենթարկում քաղաքացիներին, որպես բողոքի նշան՝ Փաշինյանն առաջարկեց կաթվածահար անել Իսակովի պողոտան, ինչը և տեղի ունեցավ․ մոտ երկու ժամ մեծ խցանում էր առաջացել ամբողջ պողոտայի երկայնքով, բացի այդ՝ այսօր շրջանառության մեջ է դրվել նոր կարգախոս՝ Փաշինյանը կոչ է անում վարորդներին ձայնային ազդանշան տալ, եթե դեմ են Սերժ Սարգսյանին, և երթի ընթացքում ձայնային ազդանշանները պողոտայով մեկ ուղղակի չէին լռում:
Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակի ողջ տարածքում, նաև Ճանապարհային ոստիկանությունն է հերթապահություն սահմանել: Այստեղ բերող բոլոր խաչմերուկներում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տեղաշարժի դեպքում ճանապարհները ավելի վաղ փակվում են:
Կառավարության նիստերը նախկինում որպես կանոն ժամը 11-ին էին մեկնարկում: Այսօրվա նիստը, սակայն, նախատեսված է ժամը 17-ին, ժամը 18:15-ին էլ՝ նիստից հետո, կկազմակերպվեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները: Հիշեցնենք, որ կառավարության նիստերն անցկացվում են փակ ընթացակարգով, և լրագրողները հնարավորություն ունեն նախարարներին հարցել տալ միայն ճեպազրույցների ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փորձելու են շրջափակել կառավարության գլխավոր մասնաշենքը՝ խափանելու համար նիստը: Նա պնդում է, որ Սերժ Սարգսյանը հայաստանցիներին պետք է նայի փշալարերի կամ ոստիկանական վահանների հետևից:
Այսօր անդրադառնալով Ոստիկանության հայտարարությանը, թե պետական պահպանության շենքերը հատուկ նշանակություն ունեն, և դրանց վրա հարձակման վտանգ անգամ զգալով՝ ոստիկանները կարող են զենք գործադրել, Փաշինյանը ասաց, որ եթե խաղաղ ցուցարարների վրա կրակելու են, թող կրակեն:
«Եթե ցույցը, ակցիան խաղաղ է, բռնություն չի պարունակում, իհարկե ապօրինի է [զենքի կիրառումը], դա բոլոր միջազգային կոնվենցիաներով է այդպես, հո նորությո՞ւն չի: Բռնի գործություն չկատարող ցուցարարի նկատմամբ զենք կիրառելը ո՞րն է, չի կարող այդպիսի բան լինել», - շեշտեց նա:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը գիշերը հեռախոսազրույց է ունեցել System of Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ։ Թանկյանն, ըստ ընդդիմադիր գործչի, աջակցություն է հայտնել այս շարժմանը։
«Երեկ երբ հավաքից հետո մեր գրասենյակ գնացինք, խոսակցություն ունեցանք, իրենք էին զանգել։ Բավականին երկար խոսեցինք, իրավիճակը քննարկեցինք։ Նա միանշանակ աջակցություն հայտնեց գործընթացին, իսկ ինչ վերաբերում է գալ-չգալու հարցին՝ իր որոշումն ինքը կհրապարակի։ Ես նախկինում առիթ չէի ունեցել պարոն Թանկյանի հետ շփվելու, ասեմ, որ շատ հաճելի զրուցակից է և շատ փայլուն հայերեն խոսում է։ Շփվեցինք ուղղակի եղբայրաբար, այնպես շփվում էինք, կարծես հին ծանոթներ լինեինք, բայց գործնականում ամենաառաջին շփումն էր», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Սերժ Թանկյանին գալ Հայաստան և միանալ իրենց պայքարին։ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ են նրան դիմավորել օդանավակայանում և ձեռքերի վրա տեղափոխել հրապարակ։
Նշենք, որ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում դրական էր արձագանքել այս հավաքներին։
Փաշինյանը նույն կոչով դիմել էր աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին։
Հարցին, թե Ազնավուրի թիմից և՞ս կապ հաստատել են, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ, «դեռ որևէ նորություն չկա»։ Այդուհանդերձ, նա տեղյակ է, որ իր ուղերձը փոխանցել են շանսոնյեին:
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստան գալու դեպքում թե՛ Սերժ Թանկյանին, թե՛ Շառլ Ազնավուրին ինքը երաշխավորում է, որ ժողովուրդը «Զվարթնոց» օդանավակայանից ձեռքերի վրա կբերի մինչև Հանրապետության հրապարակ: