Մատչելիության հղումներ

«Նա աջակցություն հայտնեց այս գործընթացին». Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թանկյանի հետ


Հայաստանի երրորդ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։

Թանկյանն, ըստ Փաշինյանի, աջակցություն է հայտնել այս շարժմանը։

«Երեկ երբ հավաքից հետո մեր գրասենյակ գնացինք, խոսակցություն ունեցանք, իրենք էին զանգել։ Երկար խոսեցինք, իրավիճակը քննարկեցինք։ Նա միանշանակ աջակցություն հայտնեց այս գործընթացին, իսկ ինչ վերաբերում է գալ-չգալու հարցին՝ իր որոշումն ինքը կհրապարակի։ Ես նախկինում առիթ չէի ունեցել պարոն Թանկյանի հետ շփվելու, ասեմ, որ շատ հաճելի զրուցակից է և շատ փայլուն հայերեն խոսում է։ Շփվեցինք ուղղակի եղբայրաբար, այնպես շփվում էինք, կարծես հին ծանոթներ լինեինք, բայց գործնականում ամենաառաջին շփումն էր», - ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Սերժ Թանկյանին գալ Հայաստան և միանալ իրենց պայքարին։ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ են նրան դիմավորել օդանավակայանում և ձեռքերի վրա տեղափոխել հրապարակ։

Նշենք, որ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում դրական էր արձագանքել այս հավաքներին։

Փաշինյանը նույն կոչով դիմել էր աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին։

Հարցին, թե Ազնավուրի թիմից և՞ս կապ հաստատել են, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ, «դեռ որևէ նորություն չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG