Ընդամենը երկու ամսից՝ հունիսի 24-ին, Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնք, ըստ փորձագետների, միայն մեկ նպատակ ունեն՝ է՛լ ավելի ամրապնդել գործող առաջնորդ Ռեջեփ Էրդողանի դիրքերը:
Համապետական այդ քվեարկությունները նշանակված էին հաջորդ տարվա նոյեմբերին, սակայն երեկ Էրդողանը անակնկալ խառնեց ընդդիմության խաղաքարտերը՝ պնդելով, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները: Դրանք, ըստ օրենսդրության, ուժի մեջ կմտնեն համապետական ընտրություններից հետո միայն:
«Սիրիայում և այլուր տեղի ունեցող զարգացումները հրատապ են դարձնում անցումը նոր կառավարման համակարգի, որպեսզի մենք կարողանանք առավել վճռական որոշումներ կայացնել և իրագործել հանուն մեր երկրի ապագայի: Թեև նախագահն ու կառավարությունը հիմա աշխատում են միասնության մեջ, սակայն հին համակարգի հիվանդությունները խոչընդոտում են մեզ յուրաքանչյուր քայլափոխի», - հայտարարեց Թուրքիայի նախագահը:
Էրդողանի նախաձեռնությամբ անցած տարի ընդունված սահմանադրական փոփոխություններով Թուրքիան խորհրդարանականից անցնում է նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով: Դրանցով, մասնավորապես, վարչապետի պաշտոնը կլուծարվի, նախագահը կստանա բյուջե կազմելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով նախարարներ նշանակելու իրավունք: Բացի այդ, Սահմանադրության փոփոխությունները չեղարկում են նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետները, ինչը նշանակում է, որ արդեն 15 տարի երկրի վարչապետի և նախագահի պաշտոնները զբաղեցնող Էրդողանը կարող է երկարաձգել իշխանավարումը ևս 12 տարի՝ մինչև 2029 թվականը: Էրդողանն ու նրա կառավարությունը ամիսներ շարունակ բացառում էին, որ այս փոփոխությունները կարող են կյանքի կոչվել նախատեսված ժամկետից շուտ, երեկ, սակայն, նա պնդեց՝ երկրի ապագան է դա պահանջում:
«Հաշվի առնելով՝ ինչ մարտահրավերների առջև է մեր երկիրը կանգնած, մենք համաձայնեցինք մեր ընկերների հետ, որ պետք է դրական արձագանքենք արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին», - ասաց Ռեջեփ Էրդողանը:
Վաղաժամ քվեարկության առաջակը ներկայացրել էր Էրդողանի երբեմնի կոշտ քննադատ, Ազգայնական շարժման առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով այժմ սերտորեն աջակցում է Թուրքիայի նախագահի՝ Սիրիայի քրդերի դեմ սկսած պայքարին: Այս տարվա սկզբին Բահչելին և Էրդողանը շաբաթներ տևած բանակցություններից հետո դաշինք կազմեցին, որով էլ կգնան առաջիկա ընտրություններին: Ընդ որում, դրանք կանցկացվեն արտակարգ դրության պայմաններում:
Չնայած ընդդիմադիրների ու միջազգային համայնքի քննադատությանը՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ հերթական՝ արդեն յոթերորդ անգամ երկարաձգեց 2016 թվականի հունիսյան հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: