Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի քայլերթ անցկացնող ցուցարարներն այսօր աշխատանքային ժամերին կանգ առան Երևանի քաղաքապետարանի և Վազգեն Սարգսյան փողոցի վրա տեղակայված մի քանի նախարարությունների առջև՝ տևական ժամանակ թույլ չտալով, որ մարդիկ մտնեն այդ շենքեր, սակայն չէին էլ խոչընդոտում դուրս գալը։
«Հավատարիմ լինելով մեր որդեգրած մարտավարությանը, կոնկրետ մենք՝ այստեղ գտնվողներս, շրջափակել ենք քաղաքապետարանը։ Սա քաղաքացիական խաղաղ անհնազանդություն է, և այսպիսով մենք պարալիզացնում ենք պետական մարմինների գործունեությունը», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ ավելացնելով, որ ցանկանում են «Սերժ Սարգսյանի իշխանությունը հանել մարդկանց մտքերից և սրտերից»։
Ոչ միայն ակտիվիստներն էին խոչընդոտում, որ տարբեր գործեր ունեցող քաղաքացիները մտնեն քաղաքապետարան, այլև հենց քաղաքային իշխանությունները, ովքեր ներսից կողպել էին դռները:
«Դիմում ենք բերել, բայց ոչինչ, դա չի նշանակում, որ գործերը մնացել են: Երեխաները առավոտվանից սոված-ծարավ կանգնած են, ոչինչ, մենք կգնանք՝ վաղը կգանք։ Սիրտս շատ է ցավում, չի կարելի է այսպես, պետք է ելք գտնել, ղեկավարները գան, խոսեն», - ասացին քաղաքապետարան այցելած կանայք։
Նախարարությունների դռները ևս փակվել էին նախօրոք. այնտեղ արդեն սպասում էին ցուցարարներին։ Շենքերի ներսում աշխատողներն այսօր արդեն բավական զուսպ էին և քչերն էին անգամ պատուհաններից ներքև նայում իրենց այցելած հարյուրավոր հյուրերին։