Հեյդար Ալիևի ուրվագծած ուղին միակ ճշմարիտ ուղին է, որով քայլելիս, վերջին 15 տարվա ընթացքում, երկիրը հասել է մեծ հաջողությունների, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախագահի պաշտոնում իր չորրորդ երդմնակալության արարողության ժամանակ:
Հաջողության ցուցիչներից Իլհամ Ալիևը առանձնացրել է «Ազատությունն ու կայունությունը»:
«Մենք ապահովել ենք բոլոր ազատությունները՝ խոսքի, տպագրության, հավաքների, քաղաքական գործունեության: Այսօր Ադրբեջանի քաղաքացիների 80 տոկոսը օգտվում է համացանցից, որը ազատ է»,- ասել է Ադրբեջանի նախագահը, ում արևմտյան իրավապաշտպան կառույցները մշտապես քննադատում են ընդդիմախոսներին ճնշելու, անկախ լրատվամիջոցները փակելու, լրագրողներին ազատազրկելու համար:
Ապրիլի 11-ին կայացած Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով քվեների ավելի քան 86 տոկոսը ստացած և չորրորդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնած Ալիևը, անդրադառնալով ընտրարշավին, գոհունակությամբ է խոսել մրցակիցների կողմից հնչած «բավական կոշտ քննադատության» մասին:
«Ես ողջունում եմ դա և գնահատում որպես դրական երևույթ», - ասել է նա:
Ադրբեջանի նախագահի աթոռի համար Իլհամ Ալիևի հետ մրցում էին յոթ թեկնածուներ՝ հիմնականում ոչ ազդեցիկ, իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ադրբեջանի իրական ընդդիմությունը, մինչդեռ, բոյկոտել էր ընտրությունները և դրանց չմասնակցելու կոչով հանրահավաքներ անցկացրել:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքները ապօրինի գնահատած ընդդիմությանը՝ Իլհամ Ալիևը նրանց անվանել է «հակաազգային խմբավորում»:
«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նրանք Ադրբեջանի քաղաքական դաշտում տեղ չունեն: Ժողովուրդը վաղուց է որոշել նրանց տեղը՝ պատմության աղբարկղում: Այդ տարրերը ազգի դավաճաններ են, ովքեր հանդես են գալիս պետության դեմ՝ արտասահմանյան գրանտների հաշվին», - պնդել է նա:
Իր ելույթում նախագահ Ալիևը խոստացել է շարունակել բանակի հզորացումը, որն իր խոսքերով՝ արագացված տեմպերով արվում էր վերջին 15 տարիներին:
«Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի ամենաուժեղ բանակների շարքում է՝ իր հագեցվածությամբ, զինվածությամբ, տեխնիկայով, անվտանգությամբ»,- թվարկել է նա և կրկին անգամ խոսել ապրիլյան պատերազմի մասին:
«Ապրիլյան մարտերը՝ մեր փառավոր պատմությունն է, մեր մեծ հաղթանակը: Ադրբեջանական բանակը ազատագրել է մեր օկուպացված հողերի մի մասը, մենք վերահսկում ենք հազարավոր հեկտարներով տարածքներ, այդ հողերում կյանքը վերադառնում է, այդ հողերում ադրբեջանական դրոշն է ծածանվում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ևս մեկ անգամ խոստանալով, որ կազատագրի «օկուպացված հողերը»:
Ադրբեջանի նախագահը, որն իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կպաշտոնավարի նախկինի պես ոչ թե 5, այլ արդեն յոթ տարով, խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտությունից: Նա կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում»,- հերթական անգամ հայտարարել է Ալիևը շարունակելով. - «Մենք միջազգային հանրությանը կհասցնենք այն, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը գտնվում են Ադրբեջանի պատմական հողերում: Դա ապացույցներ ունի: Մենք մի քանի անգամ արտաքսվել ենք, ինչի մասին միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի»: