Արդեն 3-րդ օրն է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և Եղվարդ համայնքում չի գործում դեպի Երևան տանող հասարակական տրանսպորտը։ Բնակիչները ստիպված տաքսիներով են հասնում մայրաքաղաք։
Աբովյանցիները Երևան-Աբովյան բոլոր երթուղիների դադարեցումը կապում են Երևանում այս օրերին ընթացող ընդդիմության ցույցերի հետ։ Ենթադրում են, որ իշխանություններն այդպիսով կրճատում են հանրահավաք գնացողների թիվը։
Աբովյանի 259 համարի երթուղին սպասարկող «Մուլտիավտոտրանս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանն «Ազատությանն» ասաց՝ անձամբ ինքն է որոշել կանգնեցնել հասարակական տրանսպորտը։ Պատճառաբանեց՝ մայրաքաղաքում կան փակ փողոցներ. - «Իմ կողմից կայացվեց որոշում երթուղին դադարեցնել ժամանակավորապես, մինչև հասկանանք ինչ է տեղի ունենալու: Էսօր չենք հասկանում, փողոցները երթուղու որ մասում կփակվեն, երբ կփակվեն»:
Մինչդեռ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ չեն գործում նաև 0, 261 և 267 համարներիի երթուղինները, որոնք մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով չեն երթևեկում։
«0 համարը Մասիվով պիտի գնա, ոչ մի կապ չունի ցույցերի հետ, էդ փողոցների հետ: 0-ն էլ են արդեն հանել: Սա ի՞նչ բան է, ես չեմ հասկանում», - դժգոհում էր «Ազատության» զրուցակիցների հետ:
Եղվարդ-Երևան միակ երթուղին ևս հասնում է մինչև Երևանի Աջափնյակ թաղամաս։ Բայց եղվարդցիները նույնպես արդեն 3 օր է՝ զրկված են հասարակական տրանսպորտից։ Պատճառը, ըստ նրանց, երթուղու սեփականատերերի հանրապետական լինելն է։
Համայնքի ղեկավարությունը, սակայն, չի շտապում խնդրին լուծում տալ։ Համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանն ասաց՝ Երևան-Եղվարդ երթուղին իրենցը չէ․ - «Եթե խնդիր է լինում, մենք փորձում ենք համայնքի բնակիչներին օգնենք: Մեզ չեն դիմել այդ հարցով, եթե նման հարցով դիմեն, կօգնենք, կփորձենք մի այլ տարբերակ գտնել կամ հարցը կարգավորել»:
Եղվարդ - Երևան երթուղու սեփականատիրոջ հետ կապ հաստատել չհաջողվեց: