ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն անցած շաբաթ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ունի հետ: Այսօր այդ մասին Թրամփը գրառում է կատարել Թվիթերի իր էջում, նշելով որ հանդիպումը շատ հարթ է անցել և ձևավորվել են լավ հարաբերություններ:
Երեքշաթի օրը Ֆլորդիայում կայացած Ճապոնիայի վարչապետ Սինզո Աբեի հետ հանդիպմանը, Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ուղիղ բանակցություններ են ընթանում: «Մենք Հյուսիսային Կորեայի հետ շփվում ենք բարձր, չափազանց բարձր մակարդակում»,- ասել է Թրամփը:
Մայք Փոմփեոն, ում թեկնածությունը Թրամփը առաջադրել է պետքարտուղարի պաշտոնի համար, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպել է նախապատրաստելու երկու երկրների նախագահների հանդիպումը:
Թրամփն ասել է, որ հանդիպման ժամկետն ու վայրը որոշված չեն, միաժամանակ չի բացառել, որ այդ հանդիպումը հնարավոր է և չկայանա, բայց ամեն դեպքում լավատեսություն է հայտնել: