Մատչելիության հղումներ

Բելառուսը Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառելու Ադրբեջանին․ Коммерсант


Ինչպես «Ազատությանը» հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձագանքում է Բելառուսի կողմից Ադրբեջանին Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի մասին տեղեկությանը՝ ընդգծելով, որ ափսոսանք է հայտնում Բաքվին սպառազինության վաճառքի կապակցությամբ:

Մոսկովյան Коммерсант-ի այսօրվա հրապարակման համաձայն, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Բելառուսը ծրագրում է իրականացնել Ադրբեջանին Полонез տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի պայմանագիրը: Հղում տալով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ Մինսկը Բաքվին է վաճառելու նման տասը համակարգեր, առքուվաճառքի փաստաթղթղերը գտնվում են եզրափակիչ փուլում:

«Ափսոսում ենք, որ անկախ նրանից, թե վաճառողն ով է, ՀԱՊԿ անդամ է, թե այլ պետություն, Ադրբեջանի նման պետությանը, պետություն, որը ըստ էության չունի որևէ տեսակի քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, պետություն, որը վարում է ապակայունացնող քաղաքականություն տարածաշրջանում, պետություն, որը բռնել է դեստրուկտիվ ճանապարհ և ռազմականացնում է իրավիճակը, նման պետությանը վաճառում են ընդհանրապես զինատեսակներ: Մենք այդ կապակցությամբ ափսոսանք ենք հայտնում: Չնայած նրան, թե Ադրբեջանը ինչպես է սպառազինվում, ինչով է սպառազինվում, որտեղից է դրանք ձեռք բերում, մեր մարտունակության ապահովման համար համապատասխան քայլեր մշտապես ձեռնարկել ենք և ձեռնարկելու ենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Առկա տեղեկության համաձայն, Полонез համակարգերը ավելի հեռահար են, քան ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած հայտնի Смерч համակարգերը, որոնք ադրբեջանական զինուժը օգտագործեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Полонез-ը կարող է հարվածներ հասցնել մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա: 301 միլիմետր տրամաչափ և 7.2 մետր երկարություն ունեցող ութ հրթիռները կարող են արձակվել ընդամենը 50 վայրկյանի ընթացքում: Նշվում է, որ ինը նման համակարգերը բավարար են, որպեսզի 100 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքի վրա ոչնչացվեն հակառակորդի օբյեկտները:

«Ազատության» հարցին, թե արդյոք Պաշտպանության նախարարությունում հետևություններ անում են այն իրողությունից, որ ՀԱՊԿ անդամ երկիրը հարձակողական սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Նախորդ նշածիս ոչինչ չեմ կարող ավելացնել էս մասով: Սովորական է թե ոչ սովորական սպառազինությունը, նման սպառազինություն Ադրբեջանը փորձել է գնել, գնել է, և փորձելու է գնել: Մենք սա հաշվի ենք առնում»:

Իսկ հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, բարձրացվելու է այս խնդիրը, Պաշպանության նախարարության խոսնակն պատասխանեց․ - «Ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանելու»:

Հովհաննիսյանի կարծիքով, այս համակարգերի ձեռք բերումը Ադրբեջանի կողմից շփման գծում «ուղիղ իմաստով ոչ մի հետևանք» չի ունենա:

Արձագանքեցին նաև Արտաքին գործերի նախարարությունից: «Մենք մեր դիրքորոշումը Ադրբեջանին որևիցե երկրի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ չեն փոխել, այն հայտնի է և բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է Ձեր նշած կոնկրետ այս ինֆորմացիային, այն հրապարակված է անանուն աղբյուրիների վրա հղումով, ուստի, կարծում եմ, արտգործնախարարության պաշտոնական մեկնաբանության կարիքը չկա», - ասաց նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հարցին՝ եթե տեղեկությունը հաստատվի, Հայաստանը մտադի՞ր է հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում, Բալայանն արձագանքեց․ - «Դիվանագիտությունը «եթե»-ների արվեստ չէ, այլ կոնկրետ փաստերի: Ես Ձեր առաջին հարցին պատասխանելիս ասացի, որ Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են և փոփոխություն չեն կրել»:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, եթե վաճառքի մասին տեղեկությունը հաստատվի, Հայաստանը պետք է հարցը բարձրացանաի ՀԱՊԿ-ում․ - «Սա կարծես թե այդ Լապշինի դեպքի շարունակությունն է․․․ Ո՞նց կարելի էր նման երկրին վաճառել այսպիսի զենք: Ադրբեջանը այդ զենքը գնում է ոչ թե պաշտպանվելու համար, այլ հարձակվելու, սպանելու, կոտորելու համար: Սա արմատապես չի փոխելու իրավիճակը: Այնուամենայնիվ բնական է, որ լարվածություն կարող է ստեղծել»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Коммерсант-ի այսօրվա հրապարակումը ևս մեկ վկայություն է, որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է և առնչություն չունի Հայաստանի անվտանգության ապահովման հետ:

«Սա նշանակում է, որ Հայաստանը չունի կոլեկտիվ անվտանգության համակարգ, ինչով փորձում էին հասարակության խաբել և՛ այսօրվա, և՛ նախորդ իշխանությունները, ովքեր ընդունել էին, կամ արդարացնում էին այդ կառույցում Հայաստանի գոյությունը՝ հույսեր փայփայելով, կամ անգամ հասարակության մեջ հույսեր արթնացնելով, թե նշված կառույցը երբևէ կպաշտպանի կամ կամրապնդի Հայաստանի պաշտպանունակությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG