Մատչելիության հղումներ

Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքի մոտ կրկին բողոքի ցույց է անցկացվել


Ռուսաստանաբնակ հայերը ուշադրությամբ հետևում են հայաստանյան իրադարձություններին:

Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքի մոտ արդեն երկրորդն օրն է բողոքի ցույցեր են անցկացնում մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Փոքր միջադեպեր են արձանագրվել, ցուցարարներից մի քանիսին մոսկովյան ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Ազատության» հետ զրույցում դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանն ասաց․ - «Ճիշտն ասած, դա անվանել բողոքի ցույցեր շատ դժվար կլինի, որովհետև առավոտյան ժամը 8-ին, երբ սկսվել է հյուպատոսական բաժնի աշխատանքը, հյուպատոսական բաժնի հաճախորդների մեջ նկատվել էին, այսպես ասած, բողոքի ցույցի մասնակիցները, որոնք փորձել են բարձրախոսով տարածել և բարձրաձայնել իրենց պահանջները»:

Թորգոմյանը հաստատեց, որ ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանություն․ - «Երեք թե չորս հոգու բերման են ենթարկել, որովհետև իրենք հրմշտոց են արել մուտքի մոտ, փորձ են կատարել ներխուժել, բայց ոստիկանությունը, գնտվելով հենց հարևանությամբ, ձեռնարկել է միջոցներ և մի քանի հոգու բերման է ենթարկել․․․ Գտնվում ենք ոստիկանության հետ կապի մեջ և, իհարկե, քայլեր կձեռնարկենք, որ հնարավորինս կարճ ժամանակում մեր քաղաքացիները հնարավորություն ունենան ազատ արձակվելու»:

Ռուսաստանյան լրատվամիջոցները առաջին օրերին գրեթե չէին լուսաբանում հայաստանյան իրադարձությունները, երեկվանից, սակայն, իրավիճակը փոխվել է․ լրատվամիջոցները ոչ միայն լուրերի, այլև մեկնաբանությունների ձևաչափով են դրանք լուսաբանում: Լրատվամիջոցներից մեկը, մասնավորապես, գրել է, թե «բողոքի ալիքի հիմքում տնտեսական խնդիրները չեն»:

Նշենք նաև, որ երեկ ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: Այլ մանրամասներ պաշտոնական Կրեմլը չի հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG