Մատչելիության հղումներ

Հանրապետականը Փաշինյանին երկխոսության և համերաշխության կոչ է անում


Իշխող Հանրապետականը երկխոսության և համերաշխության կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ նա պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շեշտում է՝ Փաշինյանը կորցնում է վերահսկողությունը, ինչի ապացույցը նաև երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձություններն են:

Շարմազանով. - Մեր ընկերը, գործընկերը մի բան ասում է, բայց աստիճանաբար տեսնում ենք, որ լինում են դեպքեր, որ նրա վերահսկողությունից դուրս են գալիս՝ թե՛ առաջին օրը, թե՛ երեկ... այո՛, շատ հեշտ է ասել՝ «սա սադրիչ է, նա սադրիչ է»։ Չգիտեմ անունը սադրիչ դնենք, թե՝ ցույցի մասնակից դնենք, բայց մենք տեսնում ենք, որ վերահսկողությունից դուրս է գալիս։ Բռնությունն անթույլատրելի է, բախումներն անթույլատրելի են։ Ո՞ւր է տանում մեր գործընկերը, ես սա չեմ հասկանում, տրամաբանություն չեմ տեսնում։ Մինչ այդ ինքն ասում էր, որ «թույլ չեմ տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ Ազգային ժողովի նիստում», Ազգային ժողովի նիստը կայացել է։

«Ազատություն». - Տեղյա՞կ եք, որ ցուցարարները հենց իշխանությանն են մեղադրում երեկ Մաշտոցի պողոտայում գույքի վնասման համար՝ նկատի ունենալով, որ «իշխանություններն են ուղարկել սադրիչներին» Մաշտոցի պողոտա, որպեսզի կոտրեն այդ վահանակները։

Շարմազանովն. - Գիտեք ինչ կա, ավելի հեշտ է միշտ քո գործերը և այն, ինչ որ քո մոտ չի ստացվում, բարդել ուրիշի վրա։ Իշխանությունը, կրկնում եմ, մինչ օրս, մինչ էս պահը ցուցաբերում է բացառիկ զսպվածություն, և վտանգավոր է, որ մենք այս պահին գնանք այլ ճանապարհով։

«Եթե մեկի քթից արյուն գա, դա մեծ բեռ է լինելու Փաշինյանի համար»

«Ազատություն». - Դուք հերքո՞ւմ եք, որ իշխանությունն ինչ-որ խմբեր կարող էր ուղարկել, որպեսզի սա վերագրվեր ցուցարարներին և որպեսզի ոստիկանությունը կարողանար կոնկրետ գործողություններ ձեռնարկել Փաշինյանի և նրա աջակիցների նկատմամբ։

Շարմազանով. - Գիտեք, ես դրա տրամաբանությունը չեմ տեսնում, իշխանությունը մինչ այս պահը ունեցել է շատ առիթներ՝ անօրինական գործողությունները զսպելու համար։ Եթե Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում ոստիկանի վրա հարձակվեին, պետական կառույցներ շրջափակեին, դա օրինակա՞ն է, թե՞՝ անօրինական։ Ես կոչ եմ անում թե՛ իշխանություններին, թե՛ ոստիկանությանը, թե՛ ուժային կառույցներին և թե՛ մեր սիրելի քաղաքացիներին և հատկապես ցույցի կազմակերպչին՝ պատասխանատվությունն իր ուսերից չգցել և հասկանալ, որ սա լուրջ պատասխանատվություն է։ Եվ էդ ժողովրդին որ տանում ես, դու պետք է իմանաս, որ ամեն մեկի քթից եթե արյուն գա, դա շատ մեծ պատասխանատվություն է, դա շատ լուրջ բեռ է, և դրա համար ես կոչ եմ անում երկխոսության և համերաշխության, անկախ նրանից՝ դուք Շարմազանովին սիրում եք, թե ատում եք, ես ձեզ բոլորիդ սիրում եմ։

«Ազատություն». - Դուք ասում եք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Դա հաշվի առնելով՝ կոնկրետ քայլեր երկխոսության կլինե՞ն։

Շարմազանով. - Երկխոսությունը լինում է պառլամենտում։ Մենք երեկ ականատես եղանք լավագույն երկխոսության օրինակին, երբ որ իր գործընկերները «Ելք»-ի ամենասուր հարցերն ուղղեցին վարչապետի թեկնածուին և ստացան կառուցողական պատասխաններ։

«Երիտասարդներին չի կարելի տանել հիասթափության»

Հորդորելով քաղաքական երկխոսություն ծավալել խորհրդարանում, ինչպես «Ելք»-ի մյուս անդամները, Հանրապետականի խոսնակը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի «ծայրահեղական» քայլերը ոչ մի արդյունքի չեն բերելու, փոխարենը հերթական հիասթափությունն են առաջացնելու երիտասարդների շրջանում, ովքեր այս օրերին հետևում են Փաշինյանին:

«Չի կարելի էդ երիտասարդներին, երեխաներին, որոնք առաջին քայլերն են կատարում որպես քաղաքացիներ, տանել դեպի հիասթափություն, չի կարելի նրանց էմոցիաների հետ խաղալ, սա է խնդիրը։ Անչափահասներին ո՞ւր են տանում, սա էլ է վտանգավոր։ Անչափահաս երեխաներին տանում ես միտինգ․․․ նրանք փոքր են, չեն հասկանում, գնում են, թամաշա չի չէ՞ դա», - ասաց ՀՀԿ խոսնակը։

«Պետք չէ անվերջ չարաշահել իշխանության համբերությունը»

Ի դեպ, Էդուարդ Շարմազանովն ընդգծում է՝ իշխանությունները մինչև օրս խիստ զսպվածություն են ցուցաբերել Փաշինյանի և նրա աջակիցների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է՝ «քաղաքական անհեռատեսություն է անվերջ շահարկել իշխանությունների քաղաքական կամքն ու համբերությունը»։

Ընդ որում, Հանրապետականի խոսնակը Ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործածումը, որոնց արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան, համաչափ և խիստ զսպված է համարում։

«Ազատություն». - Իսկապես նորմա՞լ եք գնահատում ձայնային նռնակների նետումը։

Շարմազանով. - Ոստիկանությունը նաև նրա համար է, որպեսզի պահպանի սահմանադրական ու հասարակական կարգը։ Ես, որպես քաղաքացի, ոստիկանության գործողությունները գնահատում եմ խիստ պրոֆեսիոնալ և իրավաչափ, նույնիսկ շատ զսպված։

«Ազատություն». - Դուք կարո՞ղ եք վստահեցնել, որ իշխանությունը, ոստիկանությունը, ոստիկանապետը, ինչպես նաև ընդդիմությունը երեկ նշեց, որ ենթարկվում է արդեն ուղիղ վարչապետին, զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել արյունահեղության։

Շարմազանով. - Ես կարող եմ վստահեցնել, որ իշխանությունները բացառապես իրականացնելու են գործողություններ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության մայր օրենքից՝ Սահմանադրությունից և ՀՀ օրենսդրությունից, բայց անվերջ շահարկել իշխանությունների քաղաքական կամքն ու համբերությունը՝ դա էլ քաղաքական անհեռատեսություն է և ավանտյուրա է։ Իմ կոչը մեր ժողովրդին՝ մի հատ հասկանանք ի՞նչ ենք ուզում։ Խաղաղություն, համերաշխություն, սեր եմ ցանկանում, միգուցե ինքը [Նիկոլ Փաշինյանը] մեզ չի սիրում, բայց ինքն էլ է մեր եղբայրը, մեր քաղաքացին է, մեր պառլամենտի գործընկերն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG