Մատչելիության հղումներ

Վարույթ են ընդունվել անօրինական հավաքների և զանգվածային անկարգությունների փաստերով հարուցված ևս երեք քրեական գործեր. ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, ՀՔԾ-ի քննիչի վարույթ են ընդունվել Գլխավոր դատախազությունում և Ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:

Ըստ ՀՔԾ-ի, քրեական գործերից մեկի նյութերով պարզվել է, որ 2018-ի ապրիլի 13-ին Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները՝ խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված՝ հավաքի կազմակերպչի և մասնակիցների՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց վրա դրված պարտականությունները, վնասելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են բուհի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

«Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018-ի ապրիլի 16-ին` ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Կորյուն 10 հասցեում գտնվող «Երևանի հենակետային բժշկական քոլեջի» մուտքի դուռը, ներխուժել և տևական ժամանակ գտնվել են շենքում, խանգարել ուսումնական գործընթացը և խախտել քոլեջի բնականոն աշխատանքը», - ասված է հաղորդագրությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված ևս մեկ քրեական գործի նյութերով էլ պարզվել է, որ «2018թ. ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից` օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի ՀՀ ԱԺ վարչական շենք, որի ընթացքում քաշքշելու, հրելու և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ»: «Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից բռնություններով զուգորդված անօրինական գործողությունների հետևանքով խախտվել է հասարակական կարգն ու վտանգվել հասարակության անվտանգությունը», - ասված է հաղորդագրությունում:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG