Մատչելիության հղումներ

Փաշինյանը «հնդկական կինո» է որակում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները


Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը ղեկավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «հնդկական կինո» է որակում անցած գիշեր Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները։

«Կարծում եմ՝ սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, ռեժիսորի ասիստենտը՝ «Շմայսը» (ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան) և նրա նման գործող մի քանի ուրիշ անձինք», - լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

«Դա մեզ հետ որևէ կապ չունի», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով. - «Ես ձեզ անկեղծ ասեմ, երբ որ մենք երեկ ներկայացնում էինք որոշումներ, մենք հստակ գիտեինք, որ այդպիսի սցենար է լինելու: Իրենց սցենարը չաշխատեց, ինչու մեզ հետ դա որևէ կապ չունի՝ որովհետև մենք, այո՛, հասկանալով ռիսկերը՝ նաև մենք էդ ռիսկին գնացինք և հայտարարեցինք մեր երեկվա հանրահավաքի ավարտը, և այսօրվա էս ժամին բազմամարդությունը ցույց է տալիս, որ դա արդարացված որոշում էր, և պարզ դարձավ, որ դա մեզ հետ որևէ կապ չունի։ Պարզ էր, որ շատ մեծ թվով մարդիկ են մասնակցելու հանրահավաքին և նաև մեծ թվով պատանիներ, երիտասարդներ, և նրանք կարող էին պահի տակ ուղղակի տրվել էդ սադրանքներին, և մենք ուրախ ենք, որ կայացրինք այդ կարևոր որոշումը, և, ըստ էության, ես հիմա վերացած եմ համարում մեր հավաքների նկատմամբ որևէ բռնություն գործադրելու հնարավորությունը, որովհետև ակնհայտորեն մենք զգում ենք ողջ հայության աջակցությունը»։

Հիշեցնենք՝ կեսգիշերն անց տեղեկություն ստացվեց, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ անկարգություններ են իրականացնում։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ երիտասարդներ կոտրում լուսացույցները, գովազդային վահանակները, ճանապարհային երթևեկության նշանները և նետում փողոց, նաև ոստիկանական մեքենաների ուղղությամբ երկաթներ են շպրտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG